Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022-ին կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:

«Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»,- ասված է Նիկոլ Փաշինյանի նամակում։

Իր հերթին Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։

Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան։