Արցախ․ կորոնավիրուսը պատերազմի տարում և դրանից հետո

2021 թվականին Արցախում հաստատվել է 4 872 կորոնավիրուսի դեպք։ Նույն տարում կորոնավիրուսային հիվանդության ախտորոշմամբ գրանցվել է 132 մահ, որից 116-ի դեպքում մահվան հիմնական պատճառը Covid-19-ն էր, 16 քաղաքացի մահացել է ուղեկցող այլ հիվանդության պատճառով: Իսկ 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է 41 քաղաքացի, որից 15-ը կորոնավիրուսից, իսկ 26-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից։ Այսպիսի տվյալներ է ՍիվիլՆեթին տրամադրել Արցախի առողջապահության նախարարությունը։

Ամենաշատ մահերը գրանցվել են 2021 թվականի նոյեմբերին, ընդհանուր՝ 57 մահ։ Այդ իսկ պատճառով Արցախի ամբողջ տարածքում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 24-ը սահմանվել էր կարանտին։ Դեկտեմբերին վիճակը մի փոքր բարելավվել էր՝ և՛ դեպքերի, և՛ մահերի քանակով։

2020 թվականի համեմատ՝ 2021-ին կորոնավիրուսի դեպքերը աճել են 38,6%-ով․ եթե 2020-ին 18 010 ՊՇՌ հետազոտությունից 1 884-ն էր դրական արդյունքով, ապա 2021-ին՝ 32 518 հետազոտությունից՝ 4 872-ը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր 2020 թվականի ապրիլին։ Չնայած 2020 թվականի 44-oրյա պատերազմին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՊՇՌ հետազոտություններ անում էին։ Հատկանշական է, որ ռեկորդային թվով դեպքեր և մահեր գրանցվել են դեկտեմբերին՝ պատերազմին հաջորդած ամսում։

2021 թվականին աճել է վարակելիության ցուցանիշը․ եթե 2020 թվականին թեստավորված ամեն 9-րդ մարդու մոտ է հաստատվել կորոնավիրուս, 2021-ին՝ ամեն 7-րդ։

Արցախում պատվաստումներ սկսել են անել 2021 թվականի ապրիլից։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ իրականացվել է 10 723 պատվաստում․ առաջին դեղաչափը ստացել է 5 9З8 քաղաքացի, երկրորդը՝ 4 707, խթանիչ դեղաչափը՝ 78: Ստացվում է՝ բնակչության ընդամենը 4% է պատվաստվել, եթե ընդունենք Արայիկ Հարությունյանի՝ տարեվերջին հնչեցրած տվյալները՝ Արցախում հիմա 115 000 մարդ է բնակվում (այլ տվյալներ չունենք համեմատելու համար

Արցախում պատվաստումային գործընթացը շարունակվում է, անցած տարվա դեկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի բնակչության 2,6% էր պատվաստվել (3 093 քաղաքացի):

Համեմատելու համար՝ Հայաստանում բնակչության 27,5% է պաստվաստվել, ինչը տարածաշրջանում վատագույն ցուցանիշն է։

Հայկ Ղազարյան, Արցախ

Մեկնաբանել