Համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, որի հնարավորությունը Ուկրաինայի դեմ պատերազմի պարագայում չեն բացառում արևմտյան պետությունների ղեկավարները, ծանր հետևանքներ կունենա նաև Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի համար․ փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը նվիրված ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի խորացումը և ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծումը, որին կհետևեն ՌԴ-ի դեմ Արևմուտքի կոշտ պատժամիջոցները, Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարն է: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, ուստի հետևանքները չեն կարող շրջանցել ՀՀ տնտեսությունը:
ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0,25 տոկոսով բարձրացման մասին նույն օրը տարածած հայտարարության մեջ գնահատում է նաև աշխարհաքաղաքական ռիսկերը:
«Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռ բարձր է», – ասված է ԿԲ խորհրդի գնահատականում, որը մանրամասնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ամենաանցանկալի սցենարներից մեկը, որը կարող է տեղի ունենալ 2022 թվականին, աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ զարգացումներն են: Այսինքն՝ պատերազմական սցենար, որի հետևանքով Արևմոտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն որոշակի պատժամիջոցներ, – ասաց Գալստյանն ու հավելեց: – Հայաստանի տնտեսության վրա այդ ամենի ազդեցության չափը կախված կլինի այն բանից, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ»:
Գալստյանը նշեց՝ եթե սահմանափակվեն միայն անհատների դեմ պատժամիջոցներ սահմանելով, ապա «դա մի պատմություն է», իսկ եթե դրանք ներառեն նաև «Հյուսիսային հոսք» գազատարը, Ռուսաստանի ֆինանսական ոլորտը, ապա պետք է սպասել բարդ հետևանքների:
«Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել ազգային արժույթի արժեզրկում, որի հետևանքով մենք որոշակիորեն կկորցնենք մեր մրցունակությունը Ռուսաստանի տնտեսության հանդեպ», – ասաց նա:
«Քանի որ մեր հարաբերությունները սպասարկվում են ռուսական բանկերի միջոցով, արդյոք այդ բանկերի նկատմամբ պատժամիջոցները նաև անդրադառնալո՞ւ են Հայաստանի վրա՝ հայելային սահմանափակումներով, թե՞ ոչ: Սրանք սցենարներ են, որոնք այս պահի դրությամբ անորոշություններ են պարունակում», – ասաց ԿԲ նախագահը: