Ուկրաինան՝ դրվագ․ փոխվում է հետսառըապատերազմյան անվտանգային ճարտարապետությունը

globe

Վերջին երկու ամիսների ընթացքում միջազգային լրատվամիջոցների, առաջատար մեդիա ընկերությունների և փորձագիտական հանրույթի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի հարցում Ռուսաստան – Արևմուտք հակամարտության վրա: Ամեն օր հարյուրավոր նյութեր են հրապարակվում, որոնց հեղինակները փորձում են պատասխանել մեկ հիմնական հարցի` ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ: Քննարկվող տարբերակները բազմաթիվ են՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումից մինչև Բելառուսի տարածքից հարձակում Կիևի վրա: Արևմտյան տերությունները, առաջին հերթին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գրեթե ամենօրա ռեժիմով հետախուզական տվյալներ են հրապարակում Ռուսաստանի կողմից սպասվող իրական կամ ենթադրյալ գործողությունների վերաբերյալ: Վերջին նման հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի տարածքից դիվերսիա կազմակերպել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների կամ Ռուսաստանի տարածքում, որոնք կուղեկցվեն խաղաղ բնակչության զոհերով և ավերածություններով, և դա օգտագործել որպես պատրվակ Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժում սկսելու համար:

Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի վրա հարձակման լուրերը՝ պնդելով, որ ԱՄՆ-ի իշխանություններն են ստիպում Ուկրաինային ռազմական սադրանքներ իրականացնել՝ փորձելով Ռուսաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, և միաժամանակ վերջնականապես չեղարկել 2015 թ. փետրվարին ձեռք բերված Մինսկյան համաձայնությունները և բանակցությունների «Նորմանդյան ձևաչափը»:

Սկսում է փոխվել հետասառըպատերազմյան Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունը

Տարատեսակ պնդումների, լրատվական արտահոսքերի և հերքումների ստեղծած տեղեկատվական անդադար աղմուկը շատերին հնարավորություն չի տալիս քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցող իրադարձությունների իրական բնույթի և դրանց խորքային պատճառների մասին: Առնվազն 2007 թ. մեկնարկած Ռուսաստան – ԱՄՆ հակամարտության սրացման այս նոր փուլը միայն անուղղակիորեն է կապված Ուկրաինայի հետ: Տեղի ունեցող գործընթացի հիմնական պատճառը Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում ձեվավորված անվտագային ճարտարապետության կերպափոխման գործընթացն է և այն ըստ սեփական շահերի ուղղորդելու ցանկությունը:

Հետսառըպատերազմյան եվրոպական անվտանգային ճարտարապետությունը ձևավորվել է միաբևեռ աշխարհակարգի պայմաններում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ աշխարհի միակ գերտերությունը: 1991 – 2007 թթ. միաբևեռ աշխարհակարգի ձևավորման և ծաղկման ժամանակաշրջանն էր, երբ ԱՄՆ-ը հաստատում էր միջազգային խաղի կանոններ, և ուներ բավականաչափ ռեսուրսներ ամբողջ աշխարհում դրանց կատարումը պահպանելու, իսկ խախտողներին պատժելու համար: Միաբևեռ աշխարհակարգում միայն մեկ պետություն կարող էր խախտել գործող կարգը․ դա Միացյալ Նահանգներն էր, որը ժամանակ առ ժամանակ գնում էր իր իսկ մշակած կանոնների խախտմանը՝ 1999 թ. ռազմական գործողություններ Սերբիայի դեմ, 2003 թ. Իրաքի օկուպացիա և այլն: Եվրոպայում միաբևեռ աշխարհակարգի ձևավորման հիմնական գործիքը Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդարձակումն էր նախկին սոցիալիստական ճամբարի պետությունների, իսկ հետագայում նաև ԽՍՀՄ հանրապետությունների ներառմամբ:

Թվում էր, թե ԱՄՆ-ը դեռ մի քանի տասնամյակ կշարունակի աշխարհի միակ գերտերության դերակատարությունը, իսկ միաբևեռ աշխարհակարգի կերպափոխման գործընթացը կսկսվի միայն 2020-2030-ական թվականներին: Սակայն մի շարք գործոններ արագացրին այն, այդ թվում՝ 2007-2008 թվականների միջազգային ֆինանսական ճգնաժամը, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական ինտենսիվ զարգացումը, Ռուսաստանում 1990-ական թվականներին տիրող քաոսի և ամենաթողության հաղթահարումը և ուղղաձիգ պետական համակարգի վերականգնումը:

2008 թ. մեկնարկել է միաբևեռ աշխարհի կերպափոխումը, որն ամենայն հավանականությամբ իր ավարտին կհասնի առաջիկա 15-20 տարիների ընթացքում: Առայժմ շատ դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսին կլինի նոր ձևավորվող աշխարհակարգը, սակայն ակնհայտ է, որ այնտեղ վճռորոշ դեր են ունենալու ուժային մի քանի կենտրոններ՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, ԵՄ, և անվտանգային նոր ճարտարապետությունը ձևավորվելու է վերջիններիս կողմից:

Միաբևեռ աշխարհակարգի աստիճանական փլուզումը միանշանակ լուրջ փոփոխություններ է առաջ բերելու եվրոպական անվտանգային ճարտարապետության մեջ: Ներկայում գործող համակարգը միաբևեռ աշխարհակարգի ծնունդ է, և չի կարող նույնությամբ շարունակվել դրանից հետո: 2007 թ. Մյունխենի խորհրդաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթից հետո մեկնարկած Ռուսաստան – ԱՄՆ հակամարտության խորքային պատճառը եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեվավորումն ուղղորդելու խնդիրն է:

Առնվազն մինչև 21-րդ դարի կես Ռուսաստանը շարունակելու է մնալ բազմաբևեռ աշխարհի հիմնական կենտրոններից մեկը, և ռուսական բևեռը կամ «ռուսական աշխարհը» չի կարող ընդգրկել միայն Ռուսաստանի տարածքը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանության ավարտը փոփոխություններ է բերելու նաև Արևմտյան աշխարհում: Բոլորին հայտնի «կոլեկտիվ արևմուտքը», որը ներառում է ԱՄՆ-ը և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի բոլոր պետությունները, ենթարկվելու է խորքաին կերպափոխումների:

Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը և «Միջծովային դաշինքը»

Ֆրանսիայի, աստիճանաբար նաև Գերմանիայի քաղաքական վերնախավը շրջանառության մեջ է դնում «Եվրոպայի ռազմավարական ինքնավարության» հայեցակարգը: Այն դեռ ձևավորման վաղ փուլում է, և առկա են զգալի անորոշություններ, սակայն խորքային իմաստով հայեցակարգը համապատասխանում է բազմաբևեռ աշխարհի տրամաբանությանը, որտեղ Եվրոպան հանդես է գալու որպես առանձին, թեպետ ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ունեցող բևեռ:

Միևնույն ժամանակ, նախկին սոցիալիստական ճամբարի պետություններից շատերը հակված են պահպանել ԱՄՆ-ի հետ իրենց ռազմավարական գործակցության ներկա մակարդակը, և առայժմ իրենց չեն տեսնում որպես եվրոպական առանձին բևեռի մաս: Առաջիկա տասը-տասնհինգ տարիների ընթացքում Եվրոպան աշխարհաքաղաքական առումով կարող է բաժանվել երկու մասի՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ առանձին, հարաբերականորեն ինքնուրույն եվրոպական բևեռ, և ամերիկյան բևեռի մաս կազմող պետություններ: Այս համատեքստում հնարավոր սցենարներից մեկը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ այսպես կոչված «Միջծովային դաշինքի» ստեղծումն է (intermarium), որը ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից բացի կներառի բալթյան երեք հանրապետությունները, Լեհաստանը, ամենայն հավանականությամբ նաև Ռումինիան, Շվեդիան և Նորվեգիան: Այս պետությունները կշարունակեն մնալ ամերիկյան բևեռի մաս և կապահովեն ԱՄՆ-ի շահերի առաջմղումը Եվրոպայում: Դեռևս անորոշ է Թուրքիայի ապագան Էրդողանից հետո, անկախ այն համգամանքից՝ դա տեղի կունենա 2023, թե 2028 թ.: Թուրքիան կարող է դառնալ միջծովային դաշինքի մաս և վերջնականապես ֆիքսել իր տեղն ամերիկյան բևեռում, կամ այն կփորձի պահպանել իր հարաբերական ինքնուրույնությունը՝ միաժամանակ ավելի սերտացնելով կապերը ռուսական բևեռի հետ:

Ռուսաստանը գիտակցում է, որ ի վիճակի չէ ԱՄՆ-ին ամբողջությամբ դուրս մղել Արևելյան Եվրոպայից: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի ռազմավարական նպատակն է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը ՀԱՊԿ անդամ պետություններում, վերջիններիս հետ խորացնել տնտեսական ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության զարգացմամբ, և Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, հնարավոր է նաև Սերբիայի ներառմամբ Եվրոպայում ստեղծել բուֆերային գոտի «ռուսական և ամերիկյան բևեռների միջև»:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կփորձի բարելավել հարաբերությունները Եվրոպական բևեռի հետ և խորացնել համագործակցությունը Իրանի հետ, որը ևս կանգնած է բավականաչափ բարդ ընտրության առջև: Այն կամ պետք է արմատապես փոխի իր պետական համակարգը և ինտեգրվի «ամերիկյան բևեռին», կամ ընտրություն կատարի «ռուսական և չինական աշխարհների միջև»:

Եվրոպական անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացը, թերևս, կավարտվի առաջիկա 15-20 տարիների ընթացքում։ Մինչ այդ Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածաշրջանում կպահպանվի անկայունության բարձր մակարդակ՝ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող ցնցումներով: