Կալիֆոռնիան և Սյունիքը՝ «քույրեր»

syunik

Փետրվարի 10-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով քույր հարաբերություններ են հաստատվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև, հայտնում է Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևով Կալիֆոռնիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի հարավային մարզին։ Ըստ հանձնախմբի՝ բանաձևը կնպաստի Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փորձի փոխանակումներին:

«Այնպիսի ճակատագրական պահի, երբ Սյունիքի ինքնիշխանությունը մեծ ռիսկի տակ է գտնվում՝ Ադրբեջանից և Թուրքիայից բխող լուրջ սպառնալիքների պատճառով, Կալիֆոռնիա նահանգի այս համարձակ քայլը համերաշխության արտահայտություն է, որն իր հերթին կամրապնդի Հայաստանի ժողովրդի վճռականությունը՝ դիմակայելու շարունակվող սպառնալիքներին»,- նշել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը։

Կալիֆոռնիայի սենատոր Էնթոնի Պորտանտինոն էլ ասել է․ «Կարևոր է, որ, հաշվի առնելով սահմանի վրա թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիան, Կալիֆոռնիան դեմ է արտահայտվում խաղաղ ժողովրդի դեմ սանձազերծած այս սարսափելի բռնություններին և ցույց է տալիս, որ մենք համերաշխ ենք և սիրում ենք Սյունիքի ժողովրդին և հայ ժողովրդին ինչպես այստեղ՝ Կալիֆոռնիայում, այնպես էլ Հայաստանում և Արցախում»:

Մեկնաբանել