Տավուշ․ տուրիստական ակումբը բիզնեսներին հուշում է՝ ինչպես գրավել զբոսաշրջիկին

GIZ նկար

Աջակցություն զբոսաշրջային բիզնեսներին, նրանց կարողությունների հզորացում Տավուշի մարզում. սա Modus Consulting ընկերության գործունեության շրջանակն է։

Ընկերությունը ստեղծել է Տավուշի զբոսաշրջային ակումբը (Tavush Tourism Club) ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի դրամաշնորհի միջոցով, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում GIZ-ի կողմից։

Ընկերությունը ստեղծել է Մարգարիտա Հակոբջանյանը, որը փորձել է ավելի քան քսան տարվա փորձը միջազգային կազմակերպությունների հետ ներդնել այս ծրագրում։

Մարգարիտան պատմում է, որ նախկինում ունեցել է ակումբներ ստեղծելու փորձ, օրինակ՝ կանանց ձեռներեցության ակումբի, և գիտեր, որ Հայաստանում նման ակումբները ճիշտ աշխատելու դեպքում կհաջողեն։

«Բացի այդ, քանի որ զբոսաշրջությունն արագ զարգանում է, մեզ անհրաժեշտ է այս ոլորտի բիզնեսներին օգնել կապեր հաստատել, ավելի ճիշտ կարողանալ մտնել շղթայի մեջ։ Շատ հաճախ լինում է, որ նույն տեղում են գտնվում բիզնեսները, բայց այդ շղթան չի ստեղծվում, քանի որ ավելի շատ անձնականի մասին են խոսում, քան գործնականի, և չգիտեն, որ օրինակ հենց իրենց կողքին է այն մարդը, այն բիզնեսը, որ իրենց պետք է, որպեսզի իրենց բիզնեսն էլ հաջողի»,- բացատրում է Մարգարիտան։

Ակումբի ստեղծման մյուս նպատակը զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացումն է։ Մարգարիտա Հակոբջանյանի խոսքով՝ շատ անգամ բիզնեսի ղեկավարները չեն նկատում, թե ինչ է կատարվում դրսում, ինչ նորություններ կան։

Տավուշի մարզը լավ ճանաչելն է պատճառ հանդիսացել ակումբը հենց այստեղ բացելու համար։ Նշում է, որ կարևորը մեկ մարզի համար մոդել ստեղծելն է, որը հետագայում կարելի է կրկնել մյուս մարզերում։

Նոյեմբերին սկսած ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ հիբրիդային պրոդուկտի ստեղծում, որի մեջ մտնում են դասընթացները, խորհրդատվությունները, ուղղորդումը։ Սկզբում հավաքագրվում են մասնակիցների խնդիրները, որոնց հիմա վրա ստեղծվում են դասընթացները։

Երկրորդ բաղադրիչը զբոսաշրջային ակումբի աշխատանքն է, որտեղ նույն մասնակիցները բերվում են այլ հարթակ։

«Մեր աշխատանքն այն է, որ մինչև մասնակիցը գալիս, մասնակցում է ակումբի աշխատանքին, մենք նրա մասին արդեն շատ բան գիտենք, գիտենք, թե ինչ խնդիրներ ունեն, ում հետ են կապեր փնտրում։ Այս ամենը իմանալով՝ կարողանում ենք ակումբի միջոցառումների մասնակիցներին ճիշտ մարդկանց հետ ծանոթացնել»,- պատմում է Մարգարիտան։

Նրա խոսքով՝ առավել հաճախ բիզնեսներն առերեսվում են ֆինանսական խնդիրների, նաև՝ բիզնեսի կազմակերպման, մարքեթինգի, կորոնավիրուսային համավարակի, պրոդուկտը ճիշտ ներկայացնելու խնդիրներին։ Այս թեմաներով ակումբում նախատեսված են դասընթացներ։ Իրենք ոչ թե ֆինանսավորում են բիզնեսները, այլ փորձում են զարգացնել մարդկանց հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծել կապեր և հայթայթել ֆինանսներ։

«Իմ աշխատանքում ինձ շատ օգնում է իմ ինժեներական կրթությունը, որպեսզի ճիշտ կառուցեմ այդ գործընթացները։ Ես ինձ բիզնեսի մասնագետ եմ համարում, բայց ինչ-որ բան էնտեղից ինձ անպայման օգնում է, կորած տեղ չի»,- ասում է Հակոբջանյանը։

Խոսելով Տավուշի մարզում զբոսաշրջային ներուժից՝ Մարգարիտան նշում է, որ այստեղ կան և՛ մեծ, և՛ փոքր զբոսաշրջային բիզնեսներ։ Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոքրերի դեպքում ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրանա։

«Ճիշտ է՝ տուրիստը սիրում է, որ տնական է լինում, բայց ինչ-որ սահման պետք է ունենա այդ տնականը։ Տուրիստին պետք է ընդունես ոչ թե որպես շատ մտերիմ հարազատ, այլ որպես տուրիստ, որին դու ծառայություն ես մատուցում»,- ասում է նա։

Տավուշի զբոսաշրջային ակումբի հիմնադիրը պատմում է նաև, որ իրենց համար դժվար է Տավուշում համապատասխան մասնագետներ գտնելը։ Ակումբի մշտական թիմը վեց հոգի է։ Մարգարիտա Հակոբջանյանը պատմում է նաև, որ GIZ-ից ստացած դրամաշնորհը օգնել է իրենց դառնալ կառույց, ունենալ հստակ ֆինանսավորվող ծրագիր, ձևավորել թիմ, շարժվել ճիշտ ուղղությամբ և ավելի ճանաչված դառնալ։

«GIZ-ի հետ համագործակցող «Տուրիզմի ինովացիոն ակադեմիան» շատ մեծ աշխատանք է տանում դրամաշնորհ ստացած կազմակերպությունների համար, և մեզ համար շատ արդյունավետ է մասնակցել Ակադեմիայի կողմից կազմակերպված ակումբների, քննարկումների, դասընթացների միջոցառումներին»,- նշում է Մարգարիտան։

Ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին։ Ապագա ծրագրերից է ակումբն ինքնաֆինանսավորվող դարձնելը։

——————————————————————————————————————————-

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, ինչը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով: Նախագծի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շաhառու ներգրավվել է տարաբնույթ դասընթացներում։

https://eu4business-tourism-tech.am/en

Մեկնաբանել