Բռնազավթված տարածքների մասին օրենքում պետք է շեշտել նախկին ԼՂԻՄ-ի վերականգնումը և զերծ մնալ պոպուլիզմից

shushi checkpoint

Առաջիկա օրերին Արցախում մեկնարկելու են քննարկումներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի շուրջ: Այս օրենքի հետ կապված գլխավոր ինտրիգն այն է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որ տարածքներն են ստանալու բռնազավթվածի կարգավիճակ:

Մինչև վերջերս արցախյան տարբեր պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշում էին, որ նոր օրենքով նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացած ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ստանալու են բռնազավթված տարածքների կարգավիճակ, իսկ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանները, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, վիճելի տարածքների կարգավիճակ:

Նման եզրահանգում կարելի էր անել նաև Արցախի նախագահի ու արտգործնախարարության հայտարարությունների շեշտադրումներից, որոնցում նշվում էր այն տարածքների դեօկուպացիայի պահանջի մասին, որոնց վրա հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Այնուամենայնիվ, ԼՂՀ Ազգային ժողոովի կայքում վերջերս հրապարկված՝ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծում հղում է արվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որով ԼՂՀ վարչատարածքային միավորների կազմում ընդգրկված են թե նախկին ԼՂԻՄ-ի տարածքները, թե ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները:

Այս հարցի վերաբերյալ օրեր առաջ ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանում արեց նաև ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը: Նա, մասնավորապես, նշեց․ «Ըստ էության, արցախյան երեք պատերազմների ընթացքում, այսինքն՝ 1991-94թթ․, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2020 թվականի աշնանային պատերազմը, փաստորեն այդ ամենի հետևանքով, արդյունքում ձևավորված իրավիճակին, ինչպես ասում են, գնահատական պետք է տրվի և, փաստորեն, ստացվում է՝ եթե մոտավորապես թվով ասենք, այն 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքին է վերաբերում, որը կոչվում էր մինչև պատերազմը Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Փաստորեն, խոսքը այդ տարածքներին է վերաբերելու այս պահին ներկայացված նախագծով»:

Ինչպես տեսնում ենք՝ Բալայանը հաստատում է, որ օրենքի նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքի կարգավիճակ տալ թե նախկին ԼՂԻՄ-ի կորսված մասերին, թե ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքներին:

Սա չափազանց մտահոգիչ զարգացում է: Այս տեսքով ընդունվելու դեպքում օրենքը միայն թուլացնելու է Արցախի դիրքերը հակամարտության հետ կապված տարբեր հարցերում: ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքներին բռնազավթվածի կարգավիճակի տրամադրումը երբեք չի ընկալվելու միջազգային հանրության կողմից: Ավելին, այս քայլով Արցախի իշխանությունները անլուրջ դերակատարի տպավորություն են ստեղծելու, որի հետ բովանդակային հարցերի քննարկումը անիմաստ է համարվելու: Այն պարագայում, երբ պաշտոնական Երևանը Ղարաբաղյան հակամարտությունը երկրորդ պլան է մղել իր առաջնահերթությունների շարքում, ԼՂՀ իշխանությունների կողմից իրականությունից կտրված ու անպատասխանատու որոշումների կայացումը միայն վատթարացնելու է առկա իրավիճակը:

Վահրամ Բալայանը վերոնշյալ հարցազրույցում հայտնեց նաև, որ օրենքի նախագծի շուրջ քննարկումները նոր պիտի մեկնարկեն, և դեռևս հնարավոր են փոփոխություններ: Այդ առումով չափազանց կարևոր է, որպեսզի այս հարցում սթափ մոտեցում ցուցաբերվի:

Վերջին տասնամյակների բոլոր բանակցային փաստաթղթերում նախկին ԼՂԻՄ-ը մշտապես դիտարկվել է որպես մեկ միասնական վարչատարածքային ու քաղաքական միավոր: Ավելին, վերջին 15 տարվա բանակցային առաջարկներում ԼՂԻՄ-ի տարածքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արձանագրված էր: Բռնազավթված տարածքների մասին օրենքում շեշտը պետք է դնել հենց նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես մեկ ամբողջական տարածքային միավորի վերականգնման վրա: Այդպիսի մոտեցումը ընկալելի կլինի Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված դերակատարների մեծամասնության համար, որոնք հետևում են այս օրենքի շուրջ ընթացող քննարկումներին:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ստեփանակերտը պետք է զերծ մնա պոպուլիստական դիրքորոշումներից ու ներքին սպառման համար կայացվող որոշումներից՝ ընդունելով ավելի սթափ ու պատասխանատու կեցվածք: