Ադրբեջանում ԼԳԲՏ ակտիվիստը գլխատվել է 

Նկարում՝ Ավազ Հաֆիզլին, կադրը՝ Mikroskop-ի հոլովակից

Իսմի Աղաև, OC Media

Ավազ Հաֆիզլիին՝ Ադրբեջանի ամենահայտնի բացահայտ ԼԳԲՏ+ լրագրողներից մեկին, դանակահարությամբ սպանել է նրա զարմիկը:

Գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության համաձայն՝ երեքշաբթի կեսօրին Հաֆիզլիին սպանել է 24-ամյա Ամրուլլա Գուլալիևը։

Նախաքննության տվյալներով՝ դեպքի ժամանակ Գուլալիևը հարբած է եղել, և իր ցուցմունքում ասել է, որ հանցագործությունը կատարել է Հաֆիզլիի հետ անձնական վեճի պատճառով։

Լրագրող Թեյմուր Քարիմովը, որն ըստ տեղեկությունների՝ ժամանել է հանցագործության վայր սպանությունից անմիջապես հետո, Toplum TV-ին ասել է, որ Հաֆիզլիին «գլխատել են իր իսկ տան մուտքի մոտ»։

Ըստ Քարիմովի՝ ոստիկաններն արդեն ներկա էին, երբ ինքը հասել է դեպքի վայր, և որ նրանք հրաժարվել են դիպչել Հաֆիզլիի մարմնին։ «Ավազի դին մեքենա են տեղափոխել դեպքի վայր ժամանած նրա ընկերներն ու լրագրողները և ուղարկել Սաբունչու շրջանային հիվանդանոցի դիահերձարան»,- պատմում է Քարիմովը։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը OC Media-ին ասել է, որ «դեպքի վայր ուղարկված ոստիկանության մասին պնդումներն անհիմն են»։

Ավազ Հաֆիզլին Kanal 13 առցանց լրատվականի աշխատակից էր: Նա հայտնի էր ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված իր ակտիվիզմով:

Անցյալ տարվա սեպտեմբերին նա ինքն իրեն շղթայել էր գլխավոր դատախազության դարպասներին՝ բողոքելով ինստագրամյան հայտնի աստղ Սևինջ Հուսեյնովայի կողմից հոմոֆոբիայի հրահրման հարցում կառավարության անգործության դեմ:

Դեկտեմբերին OC Media-ին տված հարցազրույցում Հաֆիզլին ասել էր, որ իր ընտանիքի անդամները հրաժարվել են իրենից այն բանից հետո, երբ նա հայտնվել է Հուսեյնովայի թիրախում։

«Ես շատ եմ կարոտում իմ ընտանիքին։ Սակայն չեմ կարող տեսնել նրանց՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել էր Հաֆիզլին:

Մեկնաբանել