Թուրքիան հայտարարում է, որ ռուսական նավերն իրավունք ունեն անցնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով

Թուրքիան ստացել է Ուկրաինայի պաշտոնական խնդրանքը՝ փակելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Rbc.ru-ն։

Նրա խոսքով՝ ռուսական նավերն կարող են անցնել նեղուցներով, մասնավորապես, որպեսզի վերադառնան իրենց բազաները։

«Թուրքիան կարող է սահմանափակել նեղուցներով ռազմանավերի անցումը։ Սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց ռազմակայաններ, և դա պետք է նրանց թույլատրվի»,- ասել է Չավուշօղլուն։

***

Փետրվարի 24-ին Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը այցելել էր Թուրքիայի արտաքին գերատեսչություն՝ կոչ անելով թուրքական կողմին «Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակում ռուսական ռազմանավերի մուտքը կանխարգելելու համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները»:

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։ Փետրվարի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիև

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։

Մեկնաբանել