Ամբողջ գիշեր Ադրբեջանը ականանետերի կիրառմամբ խախտել է հրադադարը․ ՊԲ

Ադրբեջանական կողմն ամբողջ գիշեր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

«Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը»,- հայտնում է գերատեսչությունը։

Մեկնաբանել