ԵՄ ներկայացուցիչը Երևանում քննարկել է Արցախ մտնող գազատարի և հրադադարի խախտումների հարցերը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուբինյանն ու Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: