Կենտրոնական բանկը հրաժարվում է տեղեկություն տրամադրել «Հայբիզնեսբանկ»-ի գործարքի մասին

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի Կենտրոնական բանկը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել իրեն պատկանող «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի 25 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ։

Ըստ «Հայբիզնեսբանկ»-ի հաշվետվության՝ դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունենում ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի (MFM Global invest AG) բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Սա ըստ էության նշանակում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել Հայաստանի Կենտրոնական բանկը, քանի որ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։

ՍիվիլՆեթը դիմել էր Կենտրոնական բանկին՝ «Հայբիզնեսբանկ»-ի 25 տոկոսը ձեռք բերելու պայմանագիրը ստանալու, ինչպես նաև գործարքի գինը պարզելու նպատակով, սակայն Կենտրոնական բանկը հայտնել է, որ դա «սահմանափակ օգտագործման տեղեկություն է» և որ հայցված տեղեկությունը առևտրային գաղտնիք է ու չի կարող դառնալ հանրային քննարկման առարկա։ ««Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ի կողմից բաժնետոմսերում ներդրման գործարքը կատարվել է ընկերության կուտակած շահույթի հաշվին, իսկ ընկերության ազատ միջոցների արդյունավետ տնօրինումը ամբողջությամբ համահունչ է ներդրումային քաղաքականությամբ որդեգրված սկզբունքներին»- նշել են ԿԲ-ից։

Ո՞վ է «Հայբիզնեսբանկ»-ի նոր սեփականատերը

Շվեյցարական «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ը «Հայբիզնեսբանկ»-ի 75 տոկոսի նոր բաժնետերն է։ Այն Ցյուրիխում գրանցված ընկերություն է և հանդիսանում է շվեյցարական մեկ այլ ընկերության՝ Humava LTD-ի իրավահաջորդ։ «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետեր, ըստ «Հայբիզնեսբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլիի, հանդիսանում է Լիխտենշտեյնում գտնվող ներդրումային մի հիմնադրամ։ Տարբեր աղբյուրներում ընկերության բաժնետերերի մասին տեղեկություններ չկան։ Կանոնադրությունից պարզ է դառնում, որ այն գործունեությունը սկսել է 2021-ի հոկտեմբերից, զբաղվում է ընկերությունների ֆինանսավորմամբ, ներդրումներով Շվեյցարիայում և արտասահմանում։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ բանկի խորհրդում ներկայությանը, Մոէկլին նրան բնորոշել էր որպես «խորը գիտելիքներով ու կապերով» անձ, որը հանդես է գալիս «Հայբիզնեսբանկ»-ում՝ որպես տեղական իրավիճակի իմացություն ունեցող անձ։ «Կենտրոնական բանկը լիովին սատարել է, որ Տիգրան Ավինյանը դառնա մեր խորհրդի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մոէկլին։

Բանկի խորհրդի նոր կազմը

Բացի Ավինյանից, բանկի խորհրդի անդամներ են դարձել Ալֆրեդ Մոէկլին, Արիել Սերջիո Դավիդոֆֆը, Ջերարդ Հոֆմանը, Քրիստոֆ Մաուխլեն և Տիգրան Միրզոյանը։ Վերջինս «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի գործադիր տնօրենն է ու ըստ էության «Հայբիզնեսբանկ»-ում ներկայացնում է ԿԲ-ի բաժնեմասը։ «Հայբիզնեսբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին եվրոպական մի շարք բանկերի ղեկավար կազմերում է աշխատել, վերջինը եղել է VP բանկը։ Այս բանկի Սինգապուրի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի ու Լիխտենշտեյնի մասնաճյուղերում նա եղել է տնօրեն ու տնօրենների խորհրդի անդամ։ Մոէկլին հիմնել ու սեփականատեր է Moeckli Finance and Management ընկերությունում։ Արիել Սերջիո Դավիդոֆֆը «Լինդեմանլոու» իրավաբանական գրասենյակի բաժնետերն է: Այդ ընկերությունը զբաղվում է ներդրողների աջակցությամբ, ֆինանսական ակտիվների կառավարմամբ։ Ջերարդ Հոֆմանը ևս Շվեյցարիայի բանկային համակարգում է աշխատել։ Նա ներկայում Gotthard Parnters ներդրումային ընկերության բաժնետեր է։ Բանկի տնօրենների խորհրդի մյուս անդամը՝ Քրիստոֆ Մաուխլեն, 1992-2013 թթ․ բարձր պաշտոններ է զբաղեցրել Credit Suisse բանկում։

Վերջերս աշխարհում տասնյակ հետաքննող լրագրողներ հրապարակեցին մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում էին տարբեր պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց կողմից փողերի լվացմանն ու կոռուպցիային։ Հրապարակումները հիմնվել էին հենց Credit Suisse բանկից արտահոսած տվյալների հիման վրա։ Արտահոսած տեղեկատվությունը վերաբերում էր 30 000 անձի, հաշվեհամարներին եղած գումարը գերազանցում էր 100 միլիարդ դոլարը։

Ո՞վ էր «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը

Մինչև դեկտեմբերի 28-ը «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետերը արմատներով արցախցի գործարար Վիտալի Գրիգորյանցն էր։ Նա բաժնետեր էր դարձել 2014-ին, զբաղեցնում էր նաև բանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Մինչ այդ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետերեր էին «Ալֆա-գարանտ», «Քրիստի մենեջմենթ», «Ուկրպրոմբանկ» ընկերությունները։ Գրիգորյանցը Ռուսաստանում ևս բիզնես գործունեություն է ծավալել՝ մասնավորապես նավթագազային ոլորտում։ Գրիգորյանցի հետ կապված կա հայտնի մի պատմություն, ըստ որի՝ տարիներ առաջ նա հետաքրքրված է եղել ամերիկյան կինոարդյունաբերությամբ և խոշոր գումարներ ներդրել այդ ուղղությամբ։ Նա այս գործունեությունը վստահել էր իր երբեմնի բիզնես գործընկեր, ԱՄՆ-ում բնակվող Ստեփան Մարտիրոսյանին, որը Գրիգորյանցից ոլորտում ներդրումներ կատարելու համար ստացել ու հափշտակել էր ավելի քան 49 միլիոն դոլար։ Այս գործով Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է։ 2014-ին Los Angeles weekly-ն մի հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ խոսվում էր Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման համար Burson-Marsteller փիար ընկերության վարձակալության համար։ Այս նպատակով փիար ընկերությանը վճարում էր իրականացրել Ստեփան Մարտիրոսյանը ու հաշվի առնելով Գրիգորյանցի և Սարգսյանի մտերիմ հարաբերությունները՝ տիրապետող կարծիք կար, որ վճարումն իրականացրել է Գրիգորյանցը։ Վերջինս նաև անշարժ գույքի բիզնեսով է զբաղվել ԱՄՆ-ում, ինչը սակայն հաջողությամբ չի ավարտվել։

«Հայբիզնեսբանկ»-ը 2021-ի արդյունքներով ամենաշատ հարկ վճարած չորրորդ բանկն է՝ 4,5 միլիարդ դրամ։ Բանկն ունի 61 մասնաճյուղ, այդ թվում՝ Արցախում։ Պատերազմի հետևանքով «Հայբիզնեսբանկ»-ի երկու այլ մասնաճյուղեր՝ Շուշիում ու Հադրութում, կորսվել են։

Ալֆրեդ Մոէկլին հայտարարել է, որ «Հայբիզնեսբանկ»-ի անվանափոխվելու է, ձևավորվելու է նոր բրենդ։

Մեկնաբանել