Ադրբեջանցիները Քարագլխում․ տեսանյութերի հետքերով

Հովհաննես Նազարեթյան

#CivilnetCheck

Արցախում մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի սադրանքի և Փառուխ գյուղ ներխուժումից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները հաճախ հակասում էին իրար։ Տեղում իրավիճակի վերաբերյալ որոշակի պատկերացում կարելի էր կազմել բաց աղբյուրներում հրապարակվող տեսանյութերից։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` CivilNetCheck-ը, մեկտեղել է ժվերջին օրերին տարածված պնդումները և տեղորոշել առկա տեսանյութերը։

Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 24-ին հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը։ Հարևանությամբ գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները տարհանվել էին: Արցախի պաշտպանության բանակը մարտի 25-ին հայտնեց, որ Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները ներխուժել և վերահսկողության տակ են վերցրել Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ ՊԲ-ն հաղորդեց, որ հայկական կողմից կա երեք զոհ և 15 վիրավոր։

Մարտի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը խախտել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հավելելով, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ «Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- ասվում էր հաղորդագրությունում։

Մարտի 27-ին արդեն Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից։

Հերքումներ Հայաստանից և Ադրբեջանից

Ռուսաստանի ՊՆ վերջին հայտարարությունը փաստացի հերքվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Մեր երկրի ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարուխ [այսպես են գյուղն անվանում Ադրբեջանում – խմբ.] գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նահանջի մասին տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 28-ին ևս արձագանքեց Ռուսաստանի ՊՆ հայտարարությանը՝ նշելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Հայտարարությանը կցված քարտեզներում ներկայացված է մարտի 24-ի և մարտի 28-ի իրադրությունը։ Ըստ ԱԳՆ-ի, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում այժմ տեղակայված է ադրբեջանական երեք հենակետ (դիտարկման կետեր):

Ադրբեջանցիները՝ Քարագլխում

Միաժամանակ, Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 28-ին հայտարարեց, որ Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Իսկ Քարագլուխ բարձունքի վերահսկողության մասին հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը.

«Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ուսումնասիրել է համացանցում ադրբեջանցիների կողմից հրապարակած երկու տեսանյութ, որոնցում երևում են ադրբեջանցի զինվորները՝ Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Քարագլուխ կամ Շիկաքար բարձունքի (քարաժայռի) վրա։

Առաջին տեսանյութում (արխիվացված), որը նկարահանվել է Քարագլխի վրա, երևում են Խրամորթ գյուղը և ձնածածկ բարձունքում կանգնած մի խումբ ադրբեջանցի զինվորներ։

Տեսանյութում երևացող տեսարանը և նույն տեսարանն՝ ըստ Google Earth-ի։ Ստորին մասում երևում է Խրամորթ գյուղը։

Երկրորդ տեսանյութում (արխիվացված) երևում է Խաչեն գետի հովիտը, Խաչենի վրա կառուցված ջրամբարը և չորս բնակավայր, որոնցից երեքը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել էին Ադրբեջանին, քանի որ գտնվում են նախկին Աղդամի շրջանում։ Դրանք են՝ Հովտաշեն, Նոր Այգեստան և Արմենակավան գյուղերը։ Երևում է նաև Քարագլուխ փոքր բնակավայրը, որը Փառուխի մաս է համարվում։ Տեսանյութի վերջում երևում է նրանց տեղակայման վայրը։

Երկրորդ տեսանյութում երևացող տեսարանը՝ Քարագլխից։ Աջ կողմում երևում է Խաչեն գետի ջրամբարը, իսկ դիմացը՝ Հովտաշեն գյուղը։

Այս երկու տեսանյութերի նկարահանման վայրերը գտնվում են հենց Քարագլուխ-Շիկաքար բարձունքի վրա։ Ստորև ներկայացված են տեսանյութերի նկարահանման մոտավոր վայրերը։

Երկու տեսանյութերի նկարահանման վայրերը և շրջակայքը

Բարձունքը կարևոր է տեղանքի հսկողության տեսանկյունից։ Այն վերահսկելով հսկողության տակ է առնվում Աղդամից (Ակնա) Ասկերան ընկած հատվածը։ Ըստ ադրբեջանական տեսակետի, Քարագլուխը վերահսկելը հնարավորթյուն կտա հսկել և խաթարել Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի անվտանգությունը։