Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Ղարաբաղից հայերի դուրսբերում. Փաշինյան

Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթ է փորձում ձևավորել, մասնավորապես՝ Ադրբեջանը առաջարկություններ է ներկայացնում, ապա ՀՀ-ին մեղադրում դրանց չարձագանքելու կամ ապակառւցողական դիրքորոշում ունենալու մեջ, ինչն արվում է հետագայում լայնամասշտաբ ռազմական հարձակմանը լեգիտիմություն տալու նպատակով։ Կառավարության նիստի մեկնարկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանից 5 կետից բաղկացած առաջարկություններ է ստացել, դրանց հետ համաձայնել է, սակայն այն լրացնելու նպատակով հայկական կողմը ևս առաջարկներ է ներկայացրել։

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մեր արձագանքը համարում արձագանքի բացակայություն. պատճառն այն է, որ Հայաստանը արձանագրել է, որ կա ԼՂ հիմնախնդիր ու համապարփակ կարգավորման համատեքստում պիտի հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիր չկա, Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ այդ դեպքում ինչպե՞ս է լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. այս հարցի պատասխանը չկա ու միջազգային հանրությունը շարունակ խոսում է համապարփակ կարգավորման մասին»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախից պաշտպանության բանակի դուրսբերման Ադրբեջանի պահանջին, Փաշինյանը նշել է, որ ՊԲ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն համապատասխան տարածքներից դուրս է եկել. «Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Ղարաբաղից հայերի դուրսբերում ու ըստ էության այս պահանջն է, որ ձևակերպում է Ադրբեջանը։ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»,-ասաց նա։

Մեկնաբանել