Քննարկվում է Երևանյան լճի տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը

Երևանի քաղաքապետարանը քննարկում է Երևանյան լճի տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։

Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2,8 հա հատվածը։ Ըստ հաղորդագրության՝ տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ, կառուցվելու է մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, ինչպես նաւ իրականացվելու են կանաչապատման աշխատանքներ:

«Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12 500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում: Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Լճի աղտոտվածության հիմնական պատճառը, ըստ քաղաքապետարանի՝ կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: