«Հայելային հետքաշման» իրականացման դեպքում սահմանի պահպանությունը կվստահեն ԱԱԾ-ին

Սոթք-Խոզնավար հատվածում «հայելային հետքաշման» գործընթացն իրականացնելու պարագայում պետական սահմանի պահպանության իրականացումն առաջարկվելու է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմից։

Պատասխանում նշված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «հայելային հետքաշման» առաջարկը «դեռևս գտնվում է քննարկման փուլում, և դրա շուրջ ընթանում են բանակցություններ»։

«Հայելային հետքաշումը պետք է ապահովի բնակչության, սահմանին մոտ գտնվող բնական ռեսուրսների (նրանց անխափան օգտագործման) և պետական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասված է պատասխանում։

ՍիվիլՆեթը խնդրել էր պարզաբանել, թե միջազգային որ փորձի հիման վրա է Հայաստանն առաջարկում իրականացնել «հայելային հետքաշում», ինչպես նաև տրամադրել Խորհրդային Հայաստանի այն քարտեզները, որոնք ընկած են կառավարության առաջարկի հիմքում։ Կառավարությունից, սակայն, այս հարցերին չպատասխանեցին։

«Հայելային հետքաշում» բառակապակցությունը գործադիրի խոսույթ մտավ 2021-ի մայիսի 27-ից։ Այդ ժամանակ կրկին գործադիրի նիստին Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի այն մասերում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել էին մայիսի սկզբին։ Թե ինչու վարչապետ Փաշինյանը որոշեց նաև Երասխի մասով առաջարկել հետքաշման տարբերակը՝ անհասկանալի է գյուղի բնակիչների համար։ 2022-ի մարտի 24-ի նիստին վարչապետն այդ գաղափարին ավելացրեց Երասխի դիրքերը։

Գևորգ Թոսունյան