Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հանդիպման արդյունքում:

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ը այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։

Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։

«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում», – ընդգծել է նախարարը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13 տոկոսով և հասել 2,6 մլրդ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով։

Վոլվաչի խոս քով՝ Հայաստանում գործում է ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություն։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել