Փաշինյանը Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ողջույնները:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում քննարկվել են ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։