Ռուսաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է ՝ Ռուսաստան ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»,- ասված է Զախարովայի պատասխանում։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Խովաևի ուշադրության կենտրոնում խաղաղության պայմանագրի պատրաստման թեման է։

«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի առաջարկած՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրանց հետևած Երևանի արձագանքը հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար»։

Զախարովան նշել է, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների թեման քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչպես նաև հարցին անդրադարձ է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։

«Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է նրա պատասխանում։