Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից և կդառնա վարչապետին ենթակա մարմին․ նախագիծ

Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ Օրենքի փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ։

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից։

«Կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին․ «Անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք (անձնական բժշկի – խմբ․) նախատեսված չէ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև ԱԺ նախագահի վրա»,- ասված է հիմնավորման մեջ։

Առաջարկվում է նաև նման երաշխիքներ տրամադրել նաև նշված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անդամներին՝ ամուսնուն, զավակին, ծնողին։ Վերջիններիս դեպքում ապահովվում է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշում են նախագծի հեղինակները։

Ուշագրավ է նաև, որ նմանաբնույթ փոփոխություններով փաթեթ շրջանառության մեջ էր դրվել նախորդ տարի, սակայն այն այդպես էլ կառավարության կամ խորհրդարանի օրակարգ չմտավ։

Մեկնաբանել