Հայաստանում ապաստանած արցախցիների թիվը շուրջ 21 000 է

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած Արցախի քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 21 000 մարդ՝ 5400 ընտանիք, ասված է Մարդու իրավունքների պաշտպանի 2021-ի զեկույցում։

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը հասել է շուրջ 96-98 հազարի։ Այժմ Հայաստանի տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած Արցախի քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 21 000 մարդ՝ 5400 ընտանիք:

Զեկույցում նշված է, որ Արցախից Հայաստան տեղահանվածների իրավունքների ապահովման տեսանկյունից հետպատերազմյան շրջանում առավել հրատապ լուծում պահանջող հարցերից է նրանց կացարանով ապահովելու խնդիրը, որը 2021-ին վերջնականապես և պատշաճ լուծված չէ։ Անձանց համար որպես կացարան շարունակում են ծառայել գործող տուն-ինտերնատները, գիշերօթիկ դպրոցների շենքերը և այլն:

«2021-ի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ Արցախից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները գրեթե նույնությամբ պահպանվել են: Պատճառը, իհարկե, տեղահանված խաղաղ բնակիչների կարիքների ոչ պատշաճ և ոչ համապարփակ գնահատումն է: Դա ի սկզբանե պետք է լիներ պետության առաջնային և կարևոր պարտականությունը: Ոլորտի լիազոր պետական մարմինները պարտավոր էին այդ հարցում ցուցաբերել նախաձեռնողականություն»,- ասված է ՄԻՊ զեկույցում։

Արցախից Հայաստան տեղահանված անձինք նաև ունեն աշխատանքի հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված անկայունությամբ, Հայաստանում մնալու ոչ երկարաժամկետ պլաններով և այլն: Ըստ ուսումնասիրությունների՝ ՀՀ տեղահանված Արցախցիների 76 տոկոսը պատերազմից հետո որևէ եկամտաբեր աշխատանք չի կատարել։