Վրաստանում ռուսամետ կուսակցության առաջնորդը հեռացվել է պաշտոնից

Զուրաբ Մախարաձեն՝ Թբիլիսիում 2021-ի հուլիսի 2-ի հանրահավաքը գլխավորելիս։ Լուսանկարը՝ |Շոթա Կինչայի/OC Media։

Շոթա Կինչա, OC Media

Զուրաբ Մախարաձեն, որը երկար ժամանակ հանդես էր գալիս որպես ծայրահեղ աջակողմյան և վրացական ռուսամետ Alt Info խմբի դեմք, հեռացվել է խմբի քաղաքական թևի նախագահի պաշտոնից, ինչի մասին վկայում են հրապարակային փաստաթղթերը:

Վրաստանի հանրային ռեգիստրը ապրիլի 11-ին հաստատել է Գիորգի Կարդավայի նշանակումը Alt Info-ի հետնորդ Պահպանողական շարժում կուսակցության քաղաքական թևի նախագահի պաշտոնում՝ Մախարաձեի փոխարեն: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ կուսակցությունը դրա համար դիմել էր մարտի 28-ին։

Մախարաձեն վաղ օրերից ղեկավարում էր Alt Info խումբը, որը ներկայում տնօրինում է երկրով մեկ սփռվող հեռուստաալիք, և այն սկսել էր ուշադրություն գրավել որպես առցանց Alt-right հարթակ 2019-ին:

Մախարաձեի փոխարինման պատճառները նրա՝ հանրության աչքից անբացատրելի անհետացումից հետո, մնում են անհայտ։

Alt Info-ի խոսնակը հասանելի չէր մեկնաբանության համար:

Մախարաձեի հեռացումը

Մարտի 13-ին Մախարաձեն համացանցում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, որ «այլ ձևաչափով» աշխատելու պատճառով ինքը մեկ ամիս կամ ավելի բացակայելու է Թբիլիսիից և Alt Info-ի հեռուստաալիքից, որտեղ նա պարբերաբար հայտնվում էր։

Alt Info-ի հիմնադիրներից Կոնստանտին Մորգոշիան հերքել է լուրերն այն մասին, որ Մախարաձեն Ռուսաստան է մեկնել Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Մորգոշիան, սակայն, հրաժարվել է լրացուցիչ պարզաբանումներ տալ։

«Նա որոշակի առաքելություն ունի կատարելու, որը մենք իրեն հանձնարարել ենք, և նա կզբաղվի դրանով։ Այս պահին մենք անում ենք մեր աշխատանքը, և նա ունի իր առաջադրանքը»,- Մորգոշիան ասել էր վրացական Publica լրատվականին մարտի 13-ին:

Մեկ ամիս անց Ֆեյսբուքի էջը, որը կարծես պատկանում էր Մախարաձեին, հաղորդագրություն հրապարակեց, որտեղ մանրամասն ներկայացվում էր Պահպանողական շարժում կուսակցության անդամների՝ Ռուսաստան ներկա և ապագա այցերը:

Գրառումում Alt-Info-ի անունից նշվում էր նաեւ Վրաստանի «ոչ պաշտոնական չեզոքությունը» Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հարցում։

Նույն օրը ավելի ուշ կուսակցության ղեկավարությունը կտրականապես հերքեց, որ գրառման հեղինակը Մախարաձեն է:

Alt Info-ն անցյալ նոյեմբերին բացեց քաղաքական կուսակցություն՝ Պահպանողական շարժումը, և դեկտեմբերի 7-ին գրանցեց այն Զուրաբ Մախարաձեի նախագահությամբ: Քննադատները դեռ անցյալ տարվա հուլիսին իշխանություններին կոչ էին անում մերժել գրանցումը զանգվածային բռնությունների կազմակերպման գործում նրանց առաջատար դերի պատճառով:

«Նրանք մեզ բռնարար են անվանում, և այո՛, ես բռնարար եմ»,- հրապարակավ հայտարարում էր Մախարաձեն 2021-ի հուլիսին, երբ նրա կողմնակիցները Թբիլիսիում հարձակվել էին տասնյակ լրագրողների և իրավապաշտպանների վրա։

«Ես կարող եմ և պատրաստվում եմ պաշտպանել իմ արժեքները, այդ թվում՝ ուժով […] Ես պատրաստ եմ ուժով գործել սրա դեմ»,- ասում էր նա։

Չնայած Մախարաձեին հարցաքննելուն և նրա տան խուզարկությանը՝ իշխանությունները ո՛չ Մախարաձեին, ոչ էլ Alt Info-ից որևէ մեկին մեղադրանք չառաջադրեցին հունիսին բռնությունները կազմակերպելու և ղեկավարելու համար, թեև մի քանի մարդ դատապարտվեց հարձակումներին մասնակցելու համար:

Alt Info-ն, որ առավել հայտնի են իր բռնի հոմոֆոբիայով, երկրով մեկ ավելի լայն հակազդեցության արժանացավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Խումբը բացահայտ հանդես էր գալիս Ռուսաստանի հետ մերձեցման օգտին, այդ թվում փետրվարին՝ ռուսական հարձակման նախաշեմին:

Փետրվար և մարտ ամիսներին Alt Info-ի տարածքային գրասենյակների բացումը արգելափակելու փորձեր տեղի ունեցան: Որոշ դեպքերում խմբի կողմնակիցները բռնությամբ էին պատասխանում, այդ թվում՝ Քոբուլեթիում և Զուգդիդիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ:

Մեկնաբանել