ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ծածուկ բանակցություն վարելն անհնար է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ «Այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, դա ուղղակի անտրամաբանական է։ Նման բան երևակայելն ուղղակի անհնար է»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ․ «Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է»։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները:

Մեկնաբանել