Լուսանկարը՝ Իրազեկ քաղաքացիների միավորման
Հովհաննես Նազարեթյան
#CivilNetCheck
Ընդդիմության՝ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած հանրահավաքի մասնակիցների թվի շուրջ շահարկումներ են ընթանում։
Ռուսական պետական «Sputnik Արմենիա» լրատվական կայքը այն բնութագրել է որպես «ընդդիմության՝ վերջին 4 տարիների ամենամեծ հանրահավաքը»։
Իսկ իշխանամերձ civic.am լրատվականի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հանրահավաքի օդալուսանկար՝ հետևյալ գրությամբ. «16:10-ի դրությամբ «վերջին տարիների Հայաստանի ամենամեծ հանրահավաքին» մասնակցում է մոտ 6 200 հոգի»։
Երկուսն էլ սխալվում են
Երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» («ԻՔՄ») արդեն մի քանի տարի է, ինչ անցկացնում է հանրահավաքների և ցույցերի մասնակիցների հաշվարկ։
«ԻՔՄ»-ն իրականացնում է մասնակիցների անհատական հաշվարկ և տրամադրում այդ հաշվարկի անհատականացնող կետերով նկարը՝ որպես հաշվարկի ճշտության ապացույց։
Ըստ «ԻՔՄ»-ի՝ աերոնկարահանման միջոցով արած հաշվարկի՝ ընդդիմության մայիսի 1-ի ցույցին մասնակցել է շուրջ 12 500 մարդ։ Դա երկու անգամ գերազանցում է իշխանամերձ civic.am-ի վկայակոչած թիվը։
Միևնույն ժամանակ, այն ընդդիմության՝ վերջին տարիների ամենախոշոր ցույցը չէր, ինչպես պնդում է «Sputnik Արմենիա»-ն։ 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների նախընտրական փուլում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին մասնակցել էր շուրջ 30 000 մարդ։ Ավելին, 2021-ի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքին ևս մասնակցել էր շուրջ 12 000 մարդ։