Կստեղծվի տնտեսական քաղաքականության խորհուրդ

Լուսանկարում՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԲ-ում 2019-ի Ամանորի միջոցառմանը։

Վարչապետի որոշմամբ կառավարությունում կստեղծվի տնտեսական քաղաքականության խորհուրդ։

Խորհրդի նախագահը վարչապետն է, իսկ նախագահի տեղակալը՝ «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ» հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը։

«Խորհուրդը բաղկացած է Հայաստանի և միջազգային հեղինակություն ունեցող օտարերկրյա ականավոր գիտնականներից, հասարակական գործիչներից, փորձագետներից և ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվող այլ անձանցից։ Խորհրդի անդամներն իրենց գործառույթները կատարում են անհատույց կարգով»,- ասված է որոշման մեջ։

Տնտեսական քաղաքականության խորհրդի նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը վարչապետին։

«Խորհրդի աշխատանքի արդյունքում ձևավորված առաջարկներն ընդունվում են նիստը վարողի հրապարակմամբ, որոնք կարող են օգտագործվել ՀՀ կառավարության ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման համար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Մեկնաբանել