Ադրբեջանը կրակել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատողներից մեկը վիրավորվել է

Sotk gold mine, Gegharkunik region, Armenia

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Հանքավայրի վիրավոր աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել