Ո՞վ էր ուռճացրել կորոնավիրուսի թվերը. խեղաթյուրված զեկույցի հետքերով

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մայիսի 5-ին հրապարակել է զեկույց՝ 2020 և 2021 թվականներին կորոնավիրուսի ուղղակի կամ անուղղակի հետևանքով ավելցուկային մահերի մասին։ Զեկույցի տվյալներն ու բովանդակությունը խեղաթյուրված են ներկայացվել մի շարք լրատվամիջոցներում։

Ինչի մասին է զեկույցը

Ըստ ԱՀԿ-ի զեկույցի՝ աշխարհում միջինացված շուրջ 15 մլն (13,3-16,6 մլն) մարդ է մահացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով։

Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ ավել է աշխարհում արձանագրված COVID մահերից։ Տարվա սկզբի դրությամբ, աշխարհով մեկ գրանցվել էր 5,4 մլն մահ COVID-ից։

Ավելցուկային մահերը հաշվարկվում են գրանցված մահերից հանելով համավարակի բացակայության դեպքում կանխատեսվող/սպասվող մահերը՝ նախորդած տարիների տվյալների հիման վրա։ Ավելցուկային մահերի մեջ ներառվում են մահվան դեպքերը, որոնք ուղղակիորեն կապված են COVID-19-ի հետ (մահեր հենց հիվանդության պատճառով) կամ անուղղակիորեն՝ համաճարակի հետևանքով առողջապահական համակարգերի և հանրության վրա ազդեցությամբ։

Ավելցուկային մահերը Հայաստանում

Ըստ ԱՀԿ-ի` Հայաստանում 2020 և 2021 թվականներին գրանցվել է 19 052 – 20 301, միջինացված՝ 19 664 ավելցուկային մահ COVID հետևանքով։

Ավելցուկային մահերը Հայաստանում 2020-2021թթ․ ըստ ամիսների, աղբյուրը՝ ԱՀԿ

Սա այն դեպքում, որ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Հայաստանում 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսից մահերի 7 972 դեպք։ Այսինքն՝ գրեթե 2,5 անգամ տարբերություն կա Հայաստանում COVID-ից պաշտոնապես գրանցված մահերի և ԱՀԿ-ի հաշվարկած ավելցուկային մահերի միջև։

Սակայն, Հայաստանի դեպքում COVID-ից բացի ավելցուկային մահերի մեկ այլ նշանակալի պատճառ կա՝ 44-օրյա պատերազմը։ Ըստ վերջին տվյալների հնչեցված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ապրիլի 13-ի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3 825 էր։ Իսկ, ըստ Քննչական կոմիտեի մարտի տվյալների, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Այս համատեքստում առողջապահության նախարարությունը մայիսի 10-ին հայտնեց, որ ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են, քանի որ ներառվել են 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը։

Ամեն դեպքում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020 և 2021 թվականներին Հայաստանում նախորդող երկու տարիների համեմատ գրանցվել է շուրջ 19 000 ավել մահ, որը մոտ է ԱՀԿ-ի հաշվարկած թվերին։

2018-2019 թթ․ Հայաստանում մահացել էր 51 937 մարդ, իսկ 2020-2021 թթ․՝ 70 828։ Տարբերությունը կազմում է 18 891։

Loading...

Loading…

Առողջապահության նախարարության հայտարարությունը խեղաթյուրում են

Առողջապահության նախարարության հայտարարությունը մայիսի 11-ին որոշ լրատվականներ սխալ մեկնաբանեցին։

Օրինակ, panorama.am կայքը, «Պատերազմում զոհվածներին հաշվել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվում» վերնագրով նյութ էր հրապարել՝ իրավիճակը հետևյալ կերպ բնութագրելով․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում ահազանգել է, որ Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են»։

Սակայն հոդվածը հակառակն է ներկայացնում իրավիճակը։ Առողջապահության նախարարությունն է իրականում ահազանգել, որ ԱՀԿ-ի զեկույցում են ուռճացված ավելցուկային մահերի տվյալները։

Հոդվածում մեջբերված է նաև բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նա հետագայում ջնջել է։ Գրառման մեջ, որը նաև տարածվել է presstime.am կայքի կողմից, սխալ է ներկայացվել ԱՀԿ-ի զեկույցը և առողջապահության նախարարության արձագանքը՝ կապելով դա քաղաքական հարցեր լուծելու հետ։

Գրիգորյանը մանիպուլացնելով գրում է. «ԱՀԿ-ն իր COVID-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում COVID-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապահության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձիք»։

Գրիգորյանը անհիմն պնդում է, որ կորոնավիրուսի մահացության թվերը «նկարվել» են, որ «նույնիսկ ԱՀԿ-ն է փաստել, որ թիվը ուռճացված է»։

Սա չի համապատասխանում իրականությանը։ ԱՀԿ-ն չի փաստել որևէ ուռճացում Հայաստանում կորոնավիրուսի մահացության վիճակագրության մեջ։ Ընդհակառակը, ԱՀԿ-ի հաշվարկած թվերն են ուռճացված, քանի որ հաշվի չեն առնվել, որ 2020-ին հազարավոր մահեր են գրանցվել Արցախում պատերազմի արդյունքում։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին է պատկանում COVID-ի վերաբերյալ ապատեղեկատվության տարածող Medmedia.am կայքը։ Կայքը գործարկվել էր ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով, որն այնուհետև դադարեցվել էր։ 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում Ազգային ժողովի ընտրություններում նա ընդգրկվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում։

Մեկնաբանել