Արկադի Փելեշյան․ Վանաձորի՝ քրեական անցյալով քաղաքապետը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով։ Վերջինս Վանաձորում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջին համարն էր, իսկ այս կուսակցությունը ընտրություններում զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ հավաքելով 4 810 ձայն։

Փելեշյանը Վանաձորի համայնքապետ փորձել էր դառնալ նաև 2016-ին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով, սակայն այդ ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է։ Դեկտեմբերին կայացած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հավաքել էր ամենաշատ ձայները՝ 12 814 ձայն։ Վանաձորի ավագանում 15 մանդատ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 5-ը՝ Արկադի Փելեշյանի ՀԱՍԿ-ը, երկուական մանդատ ստացան «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Մանդատների թվով ու դասավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողացել ձևավորել մեծամասնություն ավագանիում, իսկ ընտրություններից օրեր անց Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կեղծիք կատարելու մեղադրանքով։ Հետագայում խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց մի նախագծի օգտին, որով հնարավորություն է տրվում վարչապետին նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Արկադի Փելեշյանը հայտնի է քրեական պատմություններով։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Մասնավորապես, ըստ դատական գործի, նա հարբած վիճակում իր ընկերների հետ միասին մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները: Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։

Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ըստ Ազատություն ռադիոկայանի, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու մեջ։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր, որ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր Գրիգորյանին, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել վերջինիս։ Ծեծից հետո հարուցվել էր քրեական գործ, Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժած հոգևորականը բողոքը հետ էր վերցրել։

Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «ՍԵՖ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը քաղաքացի Աշոտ Մարկոսյանին տրամադրել էր 16 000 դոլար, սակայն վարկառուն պատշաճ չէր կատարել պարտավորությունները։ Վարկային գործարքի համար երաշխավորներից մեկը Փելեշյանն էր և վարկային կազմակերպությունը նաև վերջինիցս պահանջել էր բռնագանձել 7 500 դոլար։

2016-ին էլ Փելեշյանը «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկից ստացել էր 2 380 դոլար, սակայն Փելեշյանը պատշաճ չէր կատարել բանկային պարտավորությունները ու դատարանը վճռել էր նրանից բռնագանձել 1 330 դոլար։

2017-ին Արկադի Փելեշյանը նշանակվել էր Վանաձորի փոխքաղաքապետ։ Վերջինիս երեխաների կնքահայրը ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է։ Փելեշյանը նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մտերիմն է։

Մեկնաբանել