Բերման է ենթարկվել ավտոերթի 32 մասնակից

Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել ընդդիմության ավտոերթի 32 մասնակից, ՍիվիլՆեթին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների թիվն այս պահին հայտնի չէ․ «Անընդհատ փոփոխվում է, ավելի ուշ կամփոփենք, տեղափոխված մեքենաների հստակ թիվը կհրապարակենք»,- տեղեկացրին Ոստիկանությունից։

Այսօր՝ մայիսի 16-ին, առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրից մեկնարկել են ընդդիմության ավտոերթերը։ Ավտոերթերը մեկնարկել են Աշտարակի խճուղուց, Արտաշատի խճուղուց, Երևան-Աբովյան մայրուղուց, Արգավանդի խճուղուց և Արինբերդի խճուղուց։

Ոստիկանության աշխատակիցներ փակել են «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը և գրեթե բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել