«Ոչ մի հողատարածք անմշակ չթողնել»․ ինտենսիվ այգիներ՝ Ներքին Խնձորեսկում

Հյուրանոցային բիզնեսով զբաղվող, արմատներով խնձորեսկցի Ժորա Ալեքսյանյանը սահմանամերձ Ներքին Խնձորեսկում հիմնում է սալորի ինտենսիվ այգի։ Ինտենսիվ պտղատու այգին ավանդականից տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով` էտի և ձևավորման նոր ձևերով, որոնք այգու՝ լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում են առավելագույն բերքի ստացում:

– Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ որոշեցիք հենց սալորի այգի հիմնել։

– Հողը կա, ջուրը կա, արևը կա, պետությունն էլ անտոկոս վարկը տրամադրում է գյուղատնտեսությունը զարգացնելու համար․ մնում է չվախենալ կյանքի կոչել նոր գաղափարներն ու ծրագրերը:

– Ինչպե՞ս եք ստացել վարկ, և ի՞նչ գումարի մասին է խոսքը։

Ժորա Ալեքսանյանը

– Վարկը հաստատվեց հենց այսօր: Գրավադրել եմ հյուրանոցս: Մտադիր եմ 7 հազար քմ հողատարածքի վրա սալորի ինտենսիվ այգի հիմնել: 18 մլն անտոկոս վարկ եմ ստացել, դա պետության նախաձեռնությունն է՝ գյուղատնտեսական վարկ է։ Մարումն սկսելու եմ շահույթ ստանալուց հետո։ Որոշեցի զարգացնել իմ փոքրիկ բնակավայրը, ուզում եմ օրինակ ծառայել տարածաշրջանի մարդկանց համար, շահագրգռել, որ ոչ մի հողատարածք անմշակ չթողնենք։

– Չե՞ք վախենում ձախողել, շահույթը կգերազանցի ծախսերը։

– Ապացուցված փաստ է, որ ինտենսիվ այգին եկամտաբեր է, և ծախսերի վերադարձելիությունը արագ է կատարվում։ Իմ փորձառությամբ և որոշակի հաշվարկներով 1 հեկտարի արդյունավետությունը 5 մլն դրամի եկամուտ է նախատեսում, որի արդյունքում շահույթը կգերազանցի ծախսերը։

– Ի՞նչ խնդիրների բախվեցիք այս ընթացքում:

– Խնդիրների չեմ հանդիպել: Միակ անհարմարությունն այն է, որ վարկը ձևակերպելիս կատարվում են ծախսեր, որոնք լավ կլինի, որ ներառվեն ստացվելիք գումարի մեջ:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր բերք ստանալու համար։

– Չորս տարի հետո ծառերը կդառնան բերքատու, իսկ մինչ այդ պետք է զինվել համբերությամբ, մշակել ծառերը։ Պետք է ներդնենք կաթիլային ոռոգման համակարգ և հակակարկտային ցանց։ Այս համակարգի ներդրումը սկզբնական շրջանում է ծախսատար, իսկ հետագա շահագործումը ձեռնտու է։ Մեկ տարվա ընթացքում մեկ ծառի համար ոռոգման ծախսը կկազմի մոտ 5 դրամ։

– Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք, որտե՞ղ և ինչպե՞ս պիտի սպառեք ստացված բերքը:

– Մտադիր եմ ընդլայնել գործունեության ոլորտը: Չրանոցի արտադրամաս ենք հիմնելու, որտեղ մեր ստացած բերքը կչորացնենք, ապա նաև կարտահանենք ռուսական շուկա:

– Սահմանամերձ բնակավայրում այդքան մեծ ներդրում կատարելու մտավախություն կա՞ր։

– Ոչ, ես իմ հողում ու ջրում եմ, իմ երկիրը շենացնելու համար ոչ մի հանգամանք ինձ չի մտահոգում, ես վստահ եմ, որ հաջողություն եմ ունենալու, ինչպես նաև նոր աշխատատեղեր եմ բացելու մեր բնակիչների համար: Սա նաև խթան է, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչը չմտածի ապրուստի միջոց փնտրել այլ մարզում կամ մայրաքաղաքում:

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել