Պապիկյանը նշում է՝ գործադրելու են բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար

Մայիսի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում, հայտնում է ՊՆ-ն։

«Զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է զորամիավորման զորամասերում, ԶՈւ լեռնային ուսումնական կենտրոնում, ծանոթացել զորամասերի կենցաղային, զորանոցային, մարզական, մարտական պատրաստության պայմաններին, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին․ «Սուրեն Պապիկյանը զորամասերի հրամանատարների և զինծառայողների հետ քննարկել է զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր և վստահեցրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ»,- նշված է հաղոդրագրության մեջ։

Պապիկյանն այցելել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով։ Զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:

Մեկնաբանել