Հայաստանում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանները նույն օրը` մայիսի 24-ին, ացելել են Սյունիքի մարզ` տարբեր օրակարգերով:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-ադրբեջանական սահման, հանդիպել այնտեղ տեղակայված ռուս սահմանապահների հետ։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուշադրության կենտրոնում եղել են համայնքային զարգացման խնդիրները և մարզում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով կատարված աշխատանքները:
Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որը «Սյունիքի համար մարտահրավերներով լի շրջանում» հայտնել է ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով դեսպանատան աջակցության մասին:
Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերը, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքները:
«Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։ «Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Նույն օրը Սյունիք այցելած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի օրակարգն ավելի շատ վերաբերել է անվտանգության խնդիրներին: Մինչ Սյունիք հասնելը նա ՌԴ ԱԴԾ սահմանային տնօրինության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որը 2020-ին զոհվել էր Երասխ բնակավայրի մոտ մարտական առաջադրանք կատարելիս:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը այցելել է նաև ՀՀ սահմանի «Տեղ» և «Պարույր Սևակ» սահմանային կետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև «սեղմ ժամկետում զգալիորեն բարելավված ռուսական կողմի կեցության և ծառայության իրականացման պայմաններին»:
«Կապանում Սերգեյ Կոպիրկինին դիմավորել են քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները, որոնք համայնքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար», – ասված է հաղոդագրությունում:
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքը։