Պետք է ընդդիմությանը չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընդդիմության նախաձեռնած «դիմադրություն» շարժման քաղաքական նշանակությունն այլևս սպառված է և տեղի ունեցող գործընթացի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է։ Ըստ նրա՝ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ է։

«Մենք խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին և պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր հանրային նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Սովորաբար նման ակցիաների նպատակը լինում է հետևյալը՝ հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձրակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։ Բայց քանի որ ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործընթացներն այլևս ոչ թե իշխանության դեմ են, այլ այլև հանրության դեմ են։ Եվ ունեն հետևյալ տրամաբանությունը՝ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով և ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով իր ասելիքն ասել հանրությանը։

«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։ Այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը «մինչև քոքը մաշեցնելու ենք» (2021-ի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ասուլիսներից մեկի ժամանակ նման հայտարարություն էր արել «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը), հիմա մենք տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականացնել, այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը։ Կարծում եմ՝ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։