23 մլն դրամի չարաշահումներ՝ Covid19-ի ընթացքում մեկուսացվածների սննդի մատակարարման ոլորտում

Դատախազությունն ուսումնասիրել է Covid19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացը։ Պարզվել է, որ պետությունը շուրջ 6 000 անձի հաշվարկով շուրջ 23 մլն դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց:

Հաղորդագրությունում ասվում է, որ կառավարության որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ:

«Նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: Նշված ընկերությունների կողմից 2020-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում Գոլդեն փելես, Զարթոնք, Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32 000 անձի տրամադրվել են շուրջ 149 մլն դրամի սնունդ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26 000 մարդ: Այսինքն` հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6 000 անձի հաշվարկով շուրջ 23 մլն դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից նշում են, որ սնունդ մատուցող ընկերությունները օգտվել են համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել