Փաստաբանները միջնորդելու են, որ Տոնոյանի գործով նիստն անցկացվի դռնբաց

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով։

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»,- ասված է հայտարարության մեջ։

Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։