Դրամի ինքնավստահության և դոլարի հնարավոր ռևանշի շուրջ

Փոխարժեքի հայկական շուկայում դոլարը և եվրոն հետևողականորեն արժեզրկվում են: Դոլարի և եվրոյի ծավալների աճին զուգահեռ վերջին օրերին ֆինասական համակարգում նկատվում է տարօրինակ վարքագիծ: Որոշ բանկեր առանց հստակ պատճառաբանության սկսել են «խնայել» դոլարը` նույնիսկ իրենց հաճախորդներին արտասահմանից արտարժույթով փոխանցումները վճարելով միայն դրամով, ընդ որում, հրապարակված փոխարժեքից ցածր արժեքով:

Վերջին մի քանի ամսում դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի հետևողական արժևորումը գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում է: Եվ սա բնական է, քանի որ վերաբերում է հասարակության լայն խավերի, որոնց մի մասն ապրում է արտասահմանից (տարեկան 1 մլրդ դոլարից ավել) հիմնականում դոլարով կատարվող փոխանցումներով, իսկ մյուս մասը ներգրավված է բիզնեսի այն ճյուղերում (արդյունաբերություն, արտահանում, ՏՏ ոլորտ), որոնք սերտորեն կախված են արտասահմանյան դրամական հոսքերից:

Խնդրին մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք հոդվածի և տնտեսագետների հետ հարցազրույցների միջոցով:

Եզրահանգումները գրեթե նույնական են: Ըստ այդմ, դոլարի և եվրոյի փոխարժեքի նվազման պատճառները երկուսն են՝ ռուսաստանցի միգրանտների (իրենց կապիտալով հանդերձ) հոսքը Հայաստան, և հատկապես դոլարի նկատմամբ պահանջարկի նվազեցմանն ուղղված ՌԴ կառավարության ձեռնարկած միջոցառումները, որոնք գոնե մինչ օրս աշխատում են:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը եվրասիական տնտեսական տարածքի ամենախոշոր խաղացողն է, ըստ այդմ, ձեռնարկվող միջոցառումները, որոնց թվում է ազգային արժույթներով առևտրի խթանումը, չեն կարող չազդել Հայաստանի և ԵԱՏՄ մյուս պետությունների վրա: Սրանք, սակայն, պահային գործոններ են, որոնք հաշվի է առնում ֆինանսակական համակարգն ու փորձում կառավարել: Սակայն դոլար վաճառելու հարցում վերջին շրջանում բանկերի որդեգրած խիստ պահպանողական վարքագիծն այլ բացատրություն էլ պետք է ունենա:

Բանն այն է, որ ԱՄՆ Դաշնային ռեզերվը (Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed) մայիսի սկզբին 0,5 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ մոտ ապագայում խոստացել է անջատել դոլար տպող մեքենան: Դրանից հետո որոշ ժամանակ անց սկսվելու է ամենակարևորը՝ շուկայից ամսական դուրս է բերվելու 20 մլրդ դոլար։ Համաձայն ամերիկյան ֆինանսական իշխանությունների հայտարարությունների՝ ժամանակի ընթացքում այդ գումարը հասնելու է ամսական 90 մլրդ դոլարի՝ Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե ութնապատիկին։

Նախատեսվում է ֆինանսական շուկայից հանել 2-2,5 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում տնտեսությանն աջակցելու նպատակով տպագրած և զրոյական տոկոսադրույքով շուկայում հայտնված դոլարային զանգվածի կեսը: Սա արվում է գնաճը զսպելու նպատակով, որն ԱՄՆ-ում 2021թ. հասել է 7 տոկոսի՝1980-ականներից մինչ օրս գրանցված ռեկորդային ցուցանիշ:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում շատ երկրներ գնացին «քանակական մեղմման» կամ որ նույնն է՝ փող տպելու և ցածր տոկոսադրույքներով շուկան հագեցնելու ճանապարհով: Արդյունքում, համաձայն որոշ տնտեսագետների հաշվարկների, կորոնաճգնաժամի ընթացքում աշխարհի երկրների կենտրոնական բանկերն ավելի քան 10 տրիլիոն դոլարով բարձրացրել են գլոբալ տնտեսության իրացվելիությունը, որի շուրջ կեսն ԱՄՆ-ի մասնաբաժինն է:

Գլոբալ տնտեսությունում ամենախոշոր խաղացողի՝ ԱՄՆ-ի փող տպող մեքենայի անջատումն ու դրան զուգահեռ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացումը մոտ հեռանկարում դոլարի արժևորման ակնկալիքներ են ձևավորում։ Դժվար թե պատահականություն լինի այն, որ չնայած վերջին ամիսներին Հայաստան հոսող դոլարի աննախադեպ ծավալներին և ամերիկյան արժույթի կտրուկ արժեզրկմանը՝ տեղական բանկերն անհասկանալի պատճառներով (չեն ասում` ինչու) սկսել են դժկամորեն դոլար վաճառել։ Օրինակ` անգամ դոլարային փոխանցումները դրամով են տրամադրում նույնիսկ իրենց հաճախորդներին։ Օրինակները բազմաթիվ են: Լավագույն դեպքում, եթե դոլար էլ տրամադրեն, ապա՝ զգալի պահումներով։

Եթե չդիտարկենք խոշոր սպեկուլյացիների մասին տարածվող շշուկները, ապա ֆինանսական ինստիտուտների վարքագիծը հուշում է համակարգում առկա սպասումների մասին: Կարծես, Հայաստանի ֆինանասական համակարգը դիրքավորվել ու սպասում է գլոբալ շուկաներում կտրուկ փոփոխությունների։ Թե այս ընթացքում որքան են տուժում արտասահմանից գումար ստացող մարդիկ ու ընկերությունները՝ նրանց քիչ է հուզում։ ԿԲ-ն ասում է՝ «ես կողքից եմ»՝ պաշտպանվելով գնաճը զսպելու վահանով, որը ի դեպ այդ կառույցի հիմնական գործառույթն է։

Միևնույն ժամանակ, չնայած դոլարի գահավիժմանը, գնաճը շարունակում է բարձր մնալ՝ կազմելով 7,7 տոկոս այս տարվա հունվար-մայիսին։ Սա թեև գլոբալ երևույթ է, պայմանավորված բազմաթիվ գործոններով, սակայն դոլարի և եվրոյի հնարավոր արժևորումը նոր թափ կարող է հաղորդել գնաճին:

Օրինակ, հարևան Վրաստանում, որտեղ ևս ռուս միգրանտների մեծ հոսքի ու ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ֆոնին ազգային արժույթը` լարին, նկատելիորեն ամրապնդվում էր, թույլ չտվեցին դոլարի կտրուկ արժեզրկում։

Այդ երկրի կենտրոնական (ազգային) բանկը շաբաթներ առաջ` 2019 թվականից ի վեր առաջին անգամ ինտերվենցիա իրականացրեց՝ շուկայից գնելով 10 մլն դոլար։

Արդյունքում դոլարի փոխարժեքն այժմ կայունացել է՝ 1 դոլարի դիմաց 2,95-2,96 լարի միջակայքում։ Անկումը ուկրաինական ճգնաժամի սկզբի հետ համեմատած՝ կազմում է 12 տոկոս, իսկ Հայաստանում ՝ 19 տոկոս։ Լարիի և դրամի անկման պիկը գրանցվել է համապատասխանաբար մարտի 10-ին (3,4 լարի՝ 1 դոլարի դիմաց) և մարտի 12-13-ին (518,3 դրամ` 1 դոլարի դիմաց):

Մնում է պարզել, թե այս ընթացքում որքան են ավելացել Հայաստանի արտաքին պահուստները։ Տվյալները, կարծես, դեռ հրապարակված չեն։ Դոլարի արժեզրկումը երկակի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա․ մի կողմից թեթևացնում է ամերիկյան արժույթով ներգրավված արտաքին պարտքի բեռը (2021թ. տվյալներով՝ 6,6 մլրդ դրամ) և էժանացնում ներկրվող ապրանքի գինը` նպաստելով սպառմանը։ Միևնույն ժամանակ, հարվածում արտահանելի ճյուղերին, զբոսաշրջությանը (դոլարային արժույթով) և արտասահմանի հետ աշխատող, այնտեղից գումար ստացող ընկերություններին, օրինակ, ՏՏ ոլորտում:

Փոխարժեքի տատանումները խորացնում են անորոշությունները տնտեսությունում` անգամ սնուցելով որոշակի քաղաքական տրամադրություններ:

Հ.Գ. Հայաստանի կառավարությունը տնտեսության կառուցվածքային փոփոխությունների խնդիր է դրել, որն առանց արտահանելի ճյուղերի զարգացման անհնար է պատկերացնել: Տեսնես՝ սրա մասին հիշո՞ւմ են կառավարությունում, թե՞ ոչ:

Արշալույս Մղդեսյան