Արթիկի վետերանների միությունում հրդեհ եղել է, բայց հանգամանքները պարզ չեն

արթիկի վետերանների միություն

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Հունիսի 13-ին լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, թե Արթիկի վետերանների միության շենքում այրել են Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների նկարները։

Տեղեկատվության աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանն է, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները»։

Գրառումը տարածել են news.am, panorama.am, mamul.am, aysor.am և այլն։

Տեղեկատվությունը ճշտելու համար ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck) կապ հաստատեց Արթիկի համայնքապետարանի հետ։

Զանգն ստանալուն պես համայնքապետարանի աշխատակազմի զինվորական հարցերով առաջատար մասնագետ Զոհրաբ Հովհաննիսյանը մեկնեց դեպքի վայր և այնտեղից հայտնեց, որ իսկապես միության սենյակներից մեկում հրդեհ է եղել, սակայն դեռ պարզ չէ, թե որոնք են պատճառները։

Տեղում աշխատում են ոստիկանության ներկայացուցիչներն ու հրշեջները։

«Հրշեջները կներկայացնեն ակտերը, և պարզ կլինի։ Այս պահին հանգամանքները դեռ պարզ չեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պատին ոչ Ապրիլիյան, ոչ 44-օրյա պատերազմների հերոսների նկարներ չեն եղել․ «Եղել են միայն Առաջին արցախյան պատերազմի և հայրենական պատերազմի մասնակից մեր արթիկցիների նկարները»։

Մեկնաբանել