Դրամի արհեստական արժեզրկումը շղթայական խնդիրներ կստեղծի. ԿԲ նախագահ

dram-usd

Թեև դրամի արժևորումը կարող է խնդիրներ ստեղծել արտահանողների համար, սակայն Կենտրոնական բանկը մտադիր չէ ինտերվենցիաների միջոցով դրամն արհեստականորեն արժեզրկել: Դա կհանգեցնի գնաճային նոր ալիքի՝ բացասաբար անդրադառնալով ամբողջ հասարակության, այդ թվում՝ արտահանողների վրա: Այդ մասին հունիսի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Խնդրի լուծման մի տարբերակը, որը մեզ առաջարկվում էր, դրամի արհեստական արժեզրկումն էր: Այդպես մենք կստեղծենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտահանողներին,- նկատեց ԿԲ նախագահը: – Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա կամ դառնա անկառավարելի, այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են խնդիրներ, քանի որ նրանց աշխատակիցները երկրորդ ռաունդով գալու են բանակցելու, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն, որին հաջորդելու է պահանջարկի ևս մեկ ռաունդ, հետո ևս մեկ բարձրացում… Մենք ընկնելու ենք մի իրավիճակի մեջ, որը լինելու է դժվար կառավարելի, իսկ արձագանքը տոկոսադրույքի միջոցով լինելու է չափազանց ծանր»:

ԿԲ ղեկավարությունը ստեղծված իրավիճակում կարևորում է կառավարության հետ համակարգված քաղաքականությունը, որի շրջանակում գլխավոր դրամատունը զբաղվի գնաճի զսպմամբ, իսկ կառավարությունը հասցեական աջակցություն ցուցաբերի դրամի արժևորումից տուժող ոլորտներին:

ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք ԿԲ-ն դոլարի արժեզրկման պայմաններում այն գնելու միջոցով ավելացրե՞լ է ՀՀ արտաքին պահուստները, ԿԲ նախագահը պատասխանեց, որ 2022 թվականին ԿԲ-ն շուկայից գնել է ընդամենը 100 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար:

Այնուհետև ասուլիսին ներկա ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց ՀՀ արտաքին պահուստների ծավալը մարտ, ապրիլ, մայիս ամիսներին. «2022թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն պահուստները կազմել են 2,9 մլրդ դոլար, ապրիլի վերջի դրությամբ՝ 3,6 մլրդ դոլար և մայիսի վերջի դրությամբ՝ 3,1 մլրդ դոլար»:

ԿԲ պաշտոնյան հավելեց, որ արտարժույթի շուկա գլխավոր դրամատունն ինտերվենցիա է իրականացնում միայն ֆինանսական կայունություն ապահովելու, այլ ոչ թե փոխարժեքը կարգավորելու համար:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել