Պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանին տուն են նվիրել

Կարենի առանձնատունը

Բարերար Սերժ Անգելյանը առանձնատուն է կառուցել և նվիրել պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանին։ Բարերարի խոսքով՝ ի սկզբանե որոշել էր այնպիսի տուն կառուցել զինվոր Կարենի համար, որպիսին կկառուցեր իր որդու համար:

Առանձնատունը կառուցվել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում: Հունիսի 23-ին տեղի ունեցավ Կարենի բնակարանամուտը: Առանձնատան նախագծի հեղինակը «Առկա» ՍՊԸ-ի ճարտարապետ Սերգեյ Արիստագեսյանն է: Վերջինս հետևել է նաև առանձնատան կառուցման ընթացքին: «Մենք համատեղ աշխատել ենք Սերժ Անգելյանի հետ»,- ասաց ճարտարապետը:

Սերժ Անգելյանը

ՍիվիլՆեթի հետ զրույցում Կարենի հայրը՝ Հրանտ Խլոպուզյանը, հայտնեց, որ բնակարանի գազի և ջրամատակարարման աշխատանքները ավարտված են. մնում է կատարվեն միացումները:

Կարեն Խլոպուզյանի առանձնատունը կառուցելիս ոչ ոք, այդ թվում՝ ճարտարապետը, աշխատավարձ չեն ստացել, իսկ շինանյութը 35 հազար դոլար է կազմել: Սերժ Անգելյանը Կարենի դեպքում այն չնչին գումար է համարել: Բարերարը պատմեց, որ իրեն առաջարկվել է գյուղերում հին, լավ տներ գնել և վերակառուցել զինվորների համար. «Ես ինձ հարց տվեցի՝ արդյոք Կարենը և մյուսները երկրորդ կյանքով են գնացել ճակատ: Պարզ է՝ ոչ: Իրենք ունեն մեկ կյանք»:

Բարերարի խոսքով՝ բնակարան կառուցելու համար փնտրում են զինվորների, որոնց վիճակը այս պահին իսկապես շատ ծանր է:

Կարենը մտադիր է ընտանիք կազմել

Կարենն ամբողջ օրն անց է կացնում իր առանձնատանը: Բակը բարեկարգելուց հետո որոշել է ամուսնանալ: «Առանց երեխաների կյանքը էն չի լինի»,- ասում է Կարենը՝ խոստովանելով, որ դեռ ընտրյալ աղջիկ չունի:

Լրագրողներին նա պատմեց, թե ինչպես է կորցրել ձեռքերը: 44-օրյա պատերազմի չորրորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, հակառակորդի տանկային գրոհի ժամանակ, Հադրութի դիրքերում է կորցրել ձեռքերը:

Կարենը զինծառայության է մեկնել 2020-ի հուլիսի 20-ին: Հազիվ երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Պատմում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 7:30-ի սահմաններում, նախաճաշելու համար դասակով կանգնած էին զորամասի զինվորական ճաշարանի առաջ: Հանկարծ տագնապի ազդանշան է լսվել զորամասում: Պատերազմը Հադրութում սկսվել է թշնամու ԱԹՍ-ների հարձակմամբ: Կարենը վեց ամիս զինվորական պատրաստությունից հետո պետք է տեղափոխվեր դիրքապահ գումարտակ: Պատերազմը սկսվելուն պես դեռ զենք օգտագործելու գործում չհմտացած զինվորը նույն օրը տեղափոխել է Հադրութի դիրքեր:

«Առաջինը, որ նկատեցի, տանկի «ասկոլկեքից» մանր մասերի բաժանված ձեռքերս էին»,- պատմում է նա: Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված Կարենին վիրահատել, ապա տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժումներ է ստացել մինչև նոյեմբերի 5-ը: Կարենը պրոթեզավորվորվել է Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Սիվիլնեթը հետևել է Կարենի պրոթեզավորման աշխատանքներին:

Կարենը՝ իր ավտոմեքենան վարելիս

Կարենին նաև ավտոմեքենա են նվիրել

Մի քանի բարերարներից Կարենը նվեր է ստացել նաև ավտոմեքենա: Նրա հետ իր ավտոմեքենայով կարճ պտույտ կատարեցինք՝ առանձնատան հարևանությամբ անցնող փողոցով: Համառ զինվորը ավտոմեքենան վարում էր մինչև արմունկները ամպուտացված ձեռքերով՝ առանց պրոթեզների: Կարենն ասաց, որ հիմա այլևս երազանքներ չի փայփայում․ հիմա նպատակներ ունի, որոնցից է առանձնատան կահավորումը, տան բակում ծառապատ գեղեցիկ այգի ստեղծելը, ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը:

Կարենը՝ ընկերների հետ

Դժվար պահերին Կարենի կողքին կանգնում են մանկության ընկերները՝ Ալբերտը, Հովիկը, Արարատն ու Սարգիսը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել