Ռուսական դպրոցները Հայաստանում․ ինչ են ասում թվերը, պաշտոնյաները և օրենքը

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երևանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը։

«Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի հայ ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայ քաղաքացիների քվոտաների ավելացմանը»,- ասաց Լավրովը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Հայաստանում ռուսերենով ուսուցման վիճակագրությունը, պաշտոնական հայտարարությունները և օրենսդրական կարգավորումները։

Նախարարությունը պարզաբանում է

#CivilNetCheck-ը փորձեց վարչապետի աշխատակազմից պարզաբանում ստանալ, թե ի վերջո հայկական կողմը Ռուսաստանի իշխանություններից հայցե՞լ է օգնություն Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման շուրջ։

Հարցումը վերահասցեագրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը: ԿԳՄՍՆ պատասխանում ասվում է, որ նախարարությունը օտար լեզուների դասավանդման շրջանակում համագործակցում է տարբեր դեսպանատների և գործընկեր երկրների հետ։ «Մասնավորապես, ռուսերենի դասավանդման արդյունավետությունը բարելավելու հարցում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ ակնկալելով հանրակրթական նոր չափորոշչի շրջանակում ուսումնական նոր նյութերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցում նրանց աջակցությունը»,- նշվում է գրությունում։

Հունիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ չկա որևէ գաղտնի կամ դավադիր երևույթ ռուսական դպրոցների հարցում։ «Եթե կա դրա անհրաժեշտությունը ոչ թե քաղաքական, զուտ կրթական […] կարող ենք շատացնել դասարանների քանակը»,- ասել է նա և հավելել, որ կարող է դիտարկվել մեկ ռուսական դպրոց բացելու հարցը, բայց նման որոշում դեռ չկա։

Ռուսերենի ուսուցումը Հայաստանում այսօր

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ Հայաստանում այսօր գործում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոց։ Նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում կարող են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողներից առնվազն մեկն այլ երկրի քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել ոչ հայկական ուսուցմամբ դասարանում, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում:

Ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոցներից բացի Հայաստանում 63 դպրոցներում իրականացվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում։ Ավելի վաղ այս մասին ԿԳՄՍՆ-ն հայտնել էր ՍիվիլՆեթին։

Ըստ Վիճակագրական կոմիտեի 2021-ի տարեգրքի՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2020/2021 թթ. ուսումնական տարում եղել է 5 300 աշակերտ, որոնք ուսուցումը ստացել են ռուսերեն։ Համեմատության համար 393 900 աշակերտ ուսուցումը ստացել է հայերեն և շուրջ 100 աշակերտ՝ այլ լեզվով։ Այսինքն, հանրակրթական դպրոցներում սովորողների 1,3 տոկոսն է կրթություն ստացել ռուսերենով։

Վերջին տարիներին ռուսերենով ուսուցում ստացող աշակերտների թիվը տատանվել է 4 400—5 600-ի միջակայքում։

Հայաստանում այսօր կա առնվազն երեք ռուսական դպրոց, որից երկուսը գործում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Դրանք գտնվում են Գյումրիում և Քանաքեռում՝ փաստացի սպասարկելով Հայաստանում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին։ Երկու դպրոցն էլ հիմնադրվել են 1994-ին։ Քանաքեռի թիվ 21 դպրոցում սովորում է 580 աշակերտ, իսկ Գյումրիի թիվ 19 դպրոցում, որը գտնվում է ռուսական ռազմաբազային կից զինվորական ավանում, ուսանում է 600-ից ավելի երեխա։ Երրորդ դպրոցը Արտաշատում է և կցված է այնտեղ տեղակայված ռուսական սահմանապահ զորամասին։

Հայաստանում ռուսական դպրոցների քաղաքական կողմը

Հայաստանում ռուսական դպրոցների հարցը քննարկման առիթ դարձավ դեռ 2021-ի հոկտեմբերի 15-ին, երբ Լավրովը Մոսկվայում ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային համագումարում ելույթին ասաց, որ Տաջիկստանում ստեղծվում է ռուսական հինգ դպրոց՝ ռուսական մեթոդաբանության հիման վրա և, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»։

Լավրովի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ Հայաստանում ռուսական դպրոցների բացման հարց օրակարգում չկա։

Նմանատիպ հայտարարություն Լավրովն արել էր այս տարվա ապրիլի 8-ին Մոսկվայում նախարար Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Օրեր անց՝ ապրիլի 12-ին, ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում ռուսալեզու քաղաքացիների ներհոսքին համընթաց առաջարկել է Հայաստանի դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: «Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Օրենսդրությունը

Հայաստանում օտարալեզու դպրոցների հարցը կարգավորվում է 2009-ին ընդունված Հանրակրթության մասին օրենքով, ըստ որի հանրապետությունում օտար լեզվով հանրակրթական հաստատությունների առավելագույն թիվը 11-ն է։ Դրանցից երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջանում և Ջերմուկում և կրթություն կազմակերպել 7-րդ դասարանից, իսկ ինը կարող են ստեղծվել նաև միջպետական համաձայնագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր, այսինքն՝ ավագ դպրոցում։

Միաժամանակ, նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը չորսն է: Այսինքն՝ միաժամանակ կարող է լինել ռուսերենով ուսուցում իրականացնող առավելագույնը չորս դպրոց։

Մեկնաբանել