ԷվենտՏուրան օգնում է ճանաչելի դարձնել Հայաստանն ու զարգացնել փոքր բիզնեսը զբոսաշրջության ոլորտում

ԵՄ-ն՝Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից իրականացվող COVID19-ի ճգնաժամից հետո վերականգնման դրամաշնորհային ծրագրի շրջանակում, զբոսաշրջային 30 ընկերություն հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն աջակցություն ստանալ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացքում, այլև կյանքի կոչել նոր գաղափարներ և լուծումներ՝ արձագանքելով բարդ տնտեսական իրավիճակին:

Սիվիլնեթը զրուցել է ITTD Covid19-ի ճգնաժամից հետո վերականգնման դրամաշնորհային ծրագրի հաղթողներից Մերի Բադալյանի հետ։

Հայաստանում զարգացնել ներքին զբոսաշրջությունը, Հայաստանը ճանաչելի դարձնել հայաստանցու համար, գտնել մեր երկրի փոքր ու գողտրիկ անկյունները, այդ տարածքներում գործող հյուրատները, սրճարաններն ու զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցող ընկերությունները ու օգնել նրանց ճանաչելի դառնալ զբոսաշրջիկների համար․ 2020-ին, կորոնավիրուսային համավարակի կարանտինի ժամանակ, առաջնորդվելով այս գաղափարներով, ԷվենտՏուրա ընկերությունը ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (EU4B ITTD) ծրագրի աջակցությամբ ստեղծեց «Տեղական գործարարության կապ» ծրագիրը:

2017-ին ստեղծված ընկերությունը մինչև կորոնավիրուսային համավարակը փառատոնների կազմակերպման գործունեություն էր ծավալում։ Առաջին ու ամենամեծ փառատոնը «©Երևանի գինու օրերն» էր։ ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանի խոսքով՝ հետագայում հենց նույն մոդելով կազմակերպում էին այլ փառատոններ՝ հիմնականում աշխատելով մարզերում։

«Մենք համարում ենք, որ փառատոնները, իրադարձային տուրիզմը անուղղակի ազդեցություն ունեն տվյալ ոլորտում իրականացվող արտադրության ու արտահանման վրա։ Զբոսաշրջիկը, գալով Հայաստան, տեսնելով թե ինչքան արտադրություն կա, օրինակ, գարեջրի, – մենք էլ, եթե փառատոն ենք անում, դա նշանակում է՝ 99 տոկոսը միայն հայկական արտադրանք է, – գնում է իր երկիր ու եթե տեսնում է հայկական արտադրության տվյալ իրն իր երկրում՝ պարզ է, որ իր քիմքի հիշողությունն ու լավ էմոցիաները, որ նա ունեցել է փառատոնի ընթացքում, նրան կարող են գնորդ դարձնել»։

Համավարակի ընթացքում, սակայն, նույն գործունեությունը շարունակելը հնարավոր չէր. լայնամասշտաբ ու մարդաշատ միջոցառումներ կազմակերպել չէր թույլատրվում, իսկ փառատոններն առցանց կազմակերպելը անհասկանալի էր։

«Այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները սնանկանալու եզրին էին, ու շատերը հենց այդպես էլ սնանկ դարձան։ Մենք որոշում կայացրեցին, որ մեր հինգ աշխատակիցները ու մեր փորձը բավականին թանկ են, քան այն գումարը, որ մենք պետք է ծախսենք աշխատավարձ տալու համար։ Բայց որպեսզի պարապ չնստեինք, որոշեցինք ամեն օր աշխատանքային ժամերով զում քննարկումներ անել, թե ինչ հետաքրքիր բաներ կարող ենք անել, երբ պանդեմիան վերջանա, կամ ինչեր կարող ենք հիմա անել»,- պատմում է Մերի Բադալյանը։

Հենց այդ ժամանակ էլ ընկերությունը որոշում կայացրեց վերապրոֆիլավորվել և սկսել «Տեղական գործարարության կապ» ծրագիրը։

«Հավաքվեցին մոտ 1 500 փոքր բիզնեսներ տուրիստական ոլորտից միայն Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերից։ Ունեինք արդեն բազան, մշակեցինք մի ծրագիր՝ շաբաթվա ընթացքում մեկ անգամ կատարում ենք երեք ժամ տևողությամբ ուղիղ եթեր, օգնում ենք փոքր բիզնեսին մշակել իր շնորհանդեսը իր բիզնեսի մասին։ Սովորեցնում ենք ինչպես աշխատել տեսախցիկի հետ, ինչպես մասնակցել առցանց քննարկումներին, լուսանկարներ անել բիզնեսի համար, որոշել, թե որ ժամերին է աշխատելու իր բիզնեսը, որովհետև նույնիսկ այս փոքր հարցերում հյուրատների սեփականատերերը չէին կարողանում կողմնորոշվել։15 րոպե ելույթ էին ունենում, որը վերածում էինք 7-8 րոպե տևողությամբ հոլովակի՝ օգտագործման համար ենթակա։ Մենք ունեինք այդ ներուժը»,- ասում է ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիրը։

Սկզբնական շրջանում մատուցվող ծառայությունները վճարովի էին՝ մինչ այն պահը, երբ ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության ITTD ծրագիրը հայտարարեց դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակում նորարարական լուծումներով զբոսաշրջությունը պետք է զարգացվեր Տավուշ, Լոռի, Շիրակ մարզերում։

«Մեզ համար արդեն պարզ էր՝ ավելի շատ նորարարական լուծում, քան, այն, ինչն այդ պահին գտել էինք մարզերում գտնվող փոքր բիզնեսներին օգնելու համար, չկար։ Ի ուրախություն մեզ՝ մենք այդ դրամաշնորհը շահեցինք։ Այդ մարզերում հավաքեցինք բոլոր պոտենցիալ մասնակիցներին։ Արդյունքում ստացվեց 12 առցանց կոնֆերանս՝ 3-4 ժամ տևողությամբ։ Ներառեցինք նաև թրեյնինգներ, որտեղ իրենց ոլորտի լավագույն մասնագետները խոսում էին ոլորտին առնչվող հարցերի մասին»։

Ըստ Մերի Բադալյանի՝ ծրագիրն իրականացնելու ընթացքում բազմաթիվ բարդությունների ու խոչընդոտների են հանդիպել, ունեցել են տեխնիկական, հոգեբանական խնդիրներ, սակայն չեն ընկճվել ու շարունակել են աշխատել։

Այժմ ընկերությունը վերադարձել է իր հին գործունեությանը, որը նախատեսված էր մինչ դրամաշնորհի ստացումը: Սակայն, հաշվի առնելով դրական արձագանքը, Մերի Բադալյանը չի բացառվում, որ հետագայում, հնարավոր է ուշադրությունը կրկին կենտրոնացնեն «Տեղական գործարարության կապ» ծրագրի վրա:

Մեկնաբանել