Տաթևցի տրեխագործը հորից ժառանգած արհեստը վերածել է բիզնեսի

«Ժամանակին բոլորն էլ տրեխ հագել են, և եթե ոչ բոլորը, ապա երկուսից մեկը կարել է։ Որոշ մարդկանց մոտ լավ է ստացվել, որոշ մարդկանց մոտ՝ ոչ, հայրիկս ժամանակին որակով է կարել»,- ասում է Արմեն Հակոբյանը։

«Երբ փոքր էի, հայրս կարեց գյուղացիներից մեկի համար, հետաքրքրություն առաջացավ, ցանկացա ես էլ ունենալ և շատ ստիպեցի՝ մի զույգ էլ ինձ համար կարի, կարեց։ Փոքր ժամանակ հագել եմ հետաքրքրության համար, նաև մտածել եմ, որ կարելի է սովորել պատրաստել»,- հիշում է տրեխագործը։

Արմեն Հակոբյանը շուրջ 12 տարի է՝ տիրապետում է այս մասնագիտությանը․ ամեն օր չի հասցնում զբաղվել, ծրագրում է արհեստանոց բացել, ավելի զարգացնել, տարածել տրեխագործությունը։ Տրեխներ պատրաստելը առաջին հայացքից հեշտ է, բայց կան որոշ նրբություններ․ «Նախկինում կարել եմ անմշակ կաշվից, բայց անմշակ կաշին չորանալու խնդիր ունի, հիմա կարում եմ մշակվածից, հումքը Երևանից եմ ձեռք բերում։ Կարելու թելը էլի կաշվից պետք է լինի, այն անմշակ կաշվից ես եմ ստանում, իսկ կապելունը արդեն ոչխարի բրդից պատրաստված թելով է արվում»,- բացատրում է տրեխագործը։

Զբոսաշրջիկները հիմնականում որպես հուշանվեր են գնում տրեխները։ Արմեն Հակոբյանի հյուրերն էլ մեծ մասամբ դրսի հայերն են։ Տաթև ժամանած զբոսաշրջիկները անպայման այցելում են այստեղ՝ ծանոթանալու տրեխագործության գործընթացին։

«Հյուրերից մեկը, որին վերջում ասացի, որ կարող է հագնել, զգալ, որ նաև դա պրակտիկ է հագնելու համար, մի հատը փորձեց ոտքին, այդ ժամանակ միայն մի ոտքինն էր պատրաստ, այնքան հավանեց, որ հենց մի հատը գնեց որպես հուշ»,- հիշում է Արմեն Հակոբյանը։

«Իզուր չէ, որ այն ժամանակ հագել են, շատ հարմար է, առաջին հայացքից բարակ է, բայց այդ կաշին նույնիսկ մանր-մունր քարերից է պաշտպանում, նաև ոտքը բնական վիճակով գետնին է կպչում, այդպես ավելի հանգիստ է»,- ավելացնում է տրեխագործը։

Բացի տրեխագործության հին ավանդույթը պահպանելուց, Արմեն Հակոբյանը Տաթևում նաև հյուրատուն ունի, գինեգործությամբ է զբաղվում, ավելի ճանաչելի է դարձնում իր համայնքը։

ՍիվիլՆեթ, Գորիս

Մեկնաբանել