Ռուսաստանի ՊՆ պաշտոնյան խոստացել էր, որ հայկական ուժերը դուրս կբերվեն Ղարաբաղից, ասել է Ալիևը 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ կառավարության անդամներին ծավալուն ելույթով ներկայացրել է 2022-ի վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի արձանագրած արդյունքները։ Ի շարս տարբեր հարցերի՝ նա անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, Ղարաբաղին։ Ալիևի հայտարարություններից որոշ հատվածներ թարգմանաբար՝ ստորև։

Սահմանազատման մասին

«Չնայած այս տարվա վեց ամիսներին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են, սակայն, ցավոք, իրական արդյունքներ դեռ չկան։ Չնայած այն հանգամանքին, որ Հայրենական պատերազմից անցել է 1 տարի 8 ամիս, Հայաստանը, ցավոք, դեռ չի կատարում իր պարտավորությունները։

Անդրադառնալով դրական պահերին՝ պարզապես կարող եմ ասել, որ կայացել է սահմանազատման աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը։ Մենք սա դրական քայլ ենք համարում։ Դա տեղի ունեցավ նաև մեր երկրի նախաձեռնությամբ, քանի որ հենց Ադրբեջանն էր ձգտում արագ միջոցներ ձեռնարկել սահմանների սահմանազատման հետ կապված։ Հայկական կողմն առանձնապես հակված չէր դրան։ Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը կայացել է։ Իհարկե, այն ավելի ճանաչողական բնույթ ուներ։ Երկրորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ ամիս։ Կարծում եմ, որ այն արդեն կնվիրվի գործնական հարցերի քննարկմանը։ Իհարկե, այս ձևաչափով համագործակցությունից մենք առայժմ անմիջական արդյունքներ չենք ակնկալում, քանի որ սահմանազատումը երկար գործընթաց է։ Բայց, ամեն դեպքում, այս գործընթացը սկսվել է, մենք դա կարող ենք համարել հաջող զարգացում»։

Թբիլիսիում հուլիսի 16-ին նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Կարծում եմ, որ այս հանդիպման լավ արդյունքը կարող է լինել այն, որ հայկական կողմը ձևավորի իր աշխատանքային խումբը, քանի որ ադրբեջանական կողմն արդեն ստեղծել է աշխատանքային խումբ՝ խաղաղության պայմանագիր պատրաստելու համար։ Այս խմբում ներկայացված անդամների կազմը որոշված է: Հայաստանը դեռ նման քայլի չի գնացել։ Կարծում եմ, որ սա լավ արդյունք կարող է լինել, այլ հարցեր ևս կարող են քննարկվել»։

«Ռուսաստանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան խոստացել էր, որ հայկական անօրինական ուժերը դուրս կբերվեն Ղարաբաղից»

«Նոյեմբերի 10-ի հռչակագիրը իրականում Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, ստանձնել է պարտավորություններ։ Այնտեղ հստակ նշված են այդ պարտավորությունները։ Դրանցից մեկը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից։ Այս հարցը դեռ չի լուծվել։ Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց Հայաստանը ձգձգում է։ Մենք միաժամանակ այդ հարցը բարձրացրել ենք Ռուսաստանի ռազմական ղեկավարության հետ, և ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը, մի քանի ամիս առաջ, երբ Ադրբեջանում էր, մեր ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսօր հուլիսի կեսն է, և հարցը չի լուծվել։ Հակառակ նոյեմբերի 10-ի հռչակագրի՝ Հայաստանը չի կատարում այդ պարտավորությունը։ Ռուս խաղաղապահները,- ռուսական կողմը նույնպես ստորագրել է նոյեմբերի 10-ի հռչակագիրը,- ինչպես ասում են, մի ստիպեք դա անել։ Իհարկե, սա անտանելի վիճակ է, քանի որ հայկական զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանի տարածքում միանգամայն անընդունելի է։ Մենք հաղթանակած երկիր ենք, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Հայաստանը չի ցանկանում դուրս բերել իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, ապա թող մեզ դա բացահայտ ասեն, որ մենք իմանանք՝ ինչ անել։ Ո՞րն է լինելու մեր պատասխանը։ Հիմա սա ասելը երևի տեղին չէ։ Բայց սա նշանակում է նոյեմբերի 10-ի հռչակագրի կոպիտ խախտում»։

Նոյեմբերի 10-ի համաձայնագրով «Հայաստանը պետք է ճանապարհ տրամադրի դեպի Նախիջևան»

«Նոյեմբերի 10-ի հռչակագրի համաձայն՝ պետք է կապ հաստատվեր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը դա ստանձնեց, ստանձնեց նման պարտավորություն։ Սակայն մինչ այժմ մեզ նման հնարավորություն չի տրվել։ Լաչինի ճանապարհը բաց է. նոյեմբերի 10-ի հռչակագրով մենք պարտավորություն ենք ստանձնել, որ Լաչինի ճանապարհը գործելու է, իսկ Ադրբեջանը երաշխավորում է դրա անվտանգությունը։ Մենք ստանձնել ենք պարտավորություն և կատարում ենք այն։ Միաժամանակ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան մեկնելու։ Հայաստանի տարածքում ոչ միայն հնարավոր չէ, այլև չենք տեսնում, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվեն։

Զանգեզուրի միջանցքի Մեղրիի հատվածում կառուցվելիք երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռևս չկա։ Առանց տեխնիկատնտեսական հիմնավորման ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել, իսկ երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը մի քանի ամիս է պահանջում։ Սա նշանակում է, որ այս աշխատանքը դեռ չի սկսվել։ Մեզ ճանապարհային երթուղի չի տրամադրվում»։

«Եղել է բանավոր պայմանավորվածություն, որ Հայաստանը կարգավիճակի հարց չի բարձրացնելու»

«Երբ պատերազմն ավարտվեց, և Հայաստանը ստիպված եղավ կապիտուլյացիայի ակտ ստորագրել, մեր՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն կար, որ կարգավիճակի հարցը չի շոշափվելու։ Հայաստանը որոշակի ժամանակ դա կատարում էր։ Սակայն վերջին շրջանում սովորական է դարձել․ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսում են կա՛մ իրենց վարչապետը, կա՛մ արտգործնախարարը։ Պատերազմից հետո ասացի, թե ուր գնաց կարգավիճակը, ինչ եղավ, չեմ ուզում կրկնել։ Սակայն, եթե Հայաստանում ինչ-որ մեկը մոռացել է սա, կարող եմ կրկնել։ Բայց ես կարծում եմ, որ դա դեռ պետք չէ։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանի համար կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է, քանի որ կարելի է խոսել նաև կարգավիճակի մասին, կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար։ Զանգեզուրը, որը մեզնից բաժանվեց 1920-ին։ Մենք չենք խոսում, թեև կարող ենք խոսել, հետո կտեսնենք, թե ինչ արդյունք կտա։ Նման բացասական կողմերը շատ են»։

Մինսկի խմբի մասին․ «Սրա հետևում տեսնում ենք տարածքային պահանջներ մեր նկատմամբ»

«Կրկին փորձեր են արվում վերակենդանացնելու հանգուցյալ Մինսկի խումբը։ Այսօր Մինսկի խումբը փաստացի դուրս է եկել ասպարեզից։ Մենք՝ այս գործընթացին մասնակից երկիրը, ասում ենք, որ Մինսկի խմբի կարիքը չկա, 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չհասած կառույցի կարիք չկա։ Սա այն է, ինչ մենք ասում ենք։ Մինսկի խմբի համանախագահների միջև, մեղմ ասած, սառը պատերազմ է ընթանում։ Փաստորեն, իրենք են խոստովանում, որ Մինսկի խումբը չի գործում։ Ռուսական կողմն ասում է, որ Մինսկի խումբն արդեն անգործության է մատնված, և մյուս համանախագահները վերջ են դրել այդ ինստիտուտին։ Հայաստանը դարձյալ ամեն քայլափոխի կրկնում է՝ Մինսկի խումբն այսպիսին է, Մինսկի խումբն այնպիսին է։ Ի՞նչ է դա նշանակում։ Պարզապես սրա հետևում կրկին տեսնում ենք տարածքային պահանջներ մեր երկրի նկատմամբ»։

Մեկնաբանել