Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի ճանապարհն է»:
.@bayramov_jeyhun and @AraratMirzoyan took a positive step today, meeting in Tbilisi. Direct dialogue is the surest path to resolving Azerbaijani and Armenian differences.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) July 16, 2022
Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: