Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մենք խիստ մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի կապակցությամբ: Ցավոք, կան զոհեր։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը իրադրությունը կայունացնելու համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը։ Առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական – դիվանագիտական միջոցներով ՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և խստորեն պահպանելով 2020-ի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:
Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։
***
Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով: