Շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՊԲ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ն տեղեկացնում է նաև, որ նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել