Քննչական կոմիտեն հորդորում է «Սուրմալու»-ից ձեռք բերած հրավառության նյութերը հանձնել ոստիկանություն

Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

«Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»,- ասված է ՔԿ-ի հայտարարությունում։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 5-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: