Անազատության մեջ գտնվող մայրերը

Երբ կինը հայտնվում է անազատության մեջ, պատրաստ պետք է լինի ամեն ինչի՝ կորցնել ընտանիքը, լինել մերժված հարազատների ու հասարակության կողմից, կորցնել աշխատանքն ու չերազել բնականոն կյանքին վերադարձի մասին։ Ի տարբերություն տղամարդկանց, որոնց առավել կանոնավոր և պատրաստակամ են այցելում իրենց ընտանիքների անդամները, առանց վարանելու կարճատև և երկարատև տեսակցությունների են բերում երեխաներին, կանայք ավելի խոցելի են հարազատների կողմից մերժված լինելու և դատապարտված լինելու խարանը կրելու տեսանկյունից։

Ամուսինները լքում են նրանց, զրկում կապից երեխաների հետ։ Հաճախ նաև կանայք են հրաժարվում տեսակցել բանտային պայմաններում երեխաների հետ՝ թաքցնելով իրենց գտնվելու վայրը կամ խնայելով երեխաներին, մտահոգվելով նրանց հոգեկան աշխարհի և հուզական կայունության մասին։

Ազատազրկված կանայք թաքցնում են գտնվելու վայրը

Կարինեն /անունը փոխված է/, որը գտնվում էր կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, երեխաների հետ շփվում էր բացառապես հեռախոսով։ Նա ասում էր, թե չի ցանկանում, որ երեխաներն իմանան իր՝ բանտում գտնվելու մասին։

«Ասել եմ, որ արտասահմանում եմ, գնացել եմ աշխատելու։ Երեխաներիս շատ եմ կարոտում, բայց չեմ ուզում, որ նրանք գան ու տեսնեն, թե որտեղ եմ․ նրանց համար դա մեծ հարված կլինի, ես նրանց համար օրինակ պետք է լինեմ, իսկ բանտը վատ օրինակ է»։

Ազատազրկման մեջ գտնվող կանանց համար ամենածանրը հենց ընտանիքի հետ կապի պահպանումն է․ ամուսինները հաճախ չեն սպասում իրենց զուգընկերուհիներին, երեխաները մեծանում են, կորցնում հուզական կապը մոր հետ։

«Ես հեռախոսով փորձում եմ որքան հնարավոր է հաճախ խոսել երեխաներիս հետ, հետաքրքրվում եմ նրանց դասերով, անընդհատ ասում եմ, որ սիրում եմ նրանց, բայց դա այնքան քիչ է, իսկ հեռախոսակապը շատ թանկ է․ քարտն արժե 1 000 դրամ, որը բավարարում է 15-20 րոպե խոսելուն», – ասում էր անազատության մեջ գտնվող կանանցից մեկը, որն ուներ երեք երեխա։

Փաստացի թանկ հեռախոսակապը մեծ բեռ է ընտանիքի համար, սակայն չխոսել, չտեղեկանալ երեխաների մասին անհնար է։ Համայնքի, ընտանիքի և հատկապես երեխաների հետ կապերի խզումը կարող է լուրջ անհանգստության և տառապանքի պատճառ դառնալ կանանց համար, որոնցից շատերն իրենց երեխաների առաջնային խնամակալներն են:

Ազատազրկված կանայք կորցնում են կապը ընտանիքի հետ

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն համարում է, որ նորմ պետք է լինեն բաց տեսակցությունները, որոնց ընթացքում թույլատրվում է ֆիզիկական կոնտակտը հարազատների՝ հատկապես երեխաների և զուգընկերների հետ:

Բանտում գտնվող կանանց զգալի մասը մայրեր են և ընտանիքի հիմնական խնամատարներ: Ընտանիքից և երեխաներից անջատումը կարող է առանձնակի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բանտարկյալների, թե՛ նրանց ընտանիքի անդամների, հատկապես երեխաների վրա։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ Դիտորդների այցելությունների ընթացքում որպես կանանց հետ կապված հիմնական խնդիրներից մեկը արձանագրվել է ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հետ կապը կորցնելու հետևանքով առաջացած անհանգստությունն ու տառապանքը։ Այն նկատելի ազդեցություն է ունենում կանանց առողջության, ինքնազգացողության ու հոգեկան հավասարակշռության վրա: Խմբին ահազանգողների շրջանում եղել են բազմազավակ, մինչև 1 տարեկան երեխա ունեցող և կրծքով կերակրումը հարկադրաբար դադարեցրած կանայք, որոնց հիմնական մտահոգությունը կապված էր երեխաների խնամքի ու նրանց վերաբերյալ տեղեկատվության պակասի հետ։

Նման խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության ու հատուկ հոգածության ներքո, քանի որ անազատության մեջ գտնվող կանանց համար երեխաներին չտեսնելը, նրանց հետ հաճախակի չշփվելը ամենածանր հետևանքները կարող է ունենալ կանանց առողջության, ինչպես նաև երեխաների բնականոն զարգացման վրա։

Մեկնաբանել