Հայաստանին ընտրության առաջ չենք կանգնեցնում, ԵՄ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ կողմի դեմ․ Վիկտորին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

– Իսկ եթե ավելի լայն նայենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարելի է ասել, որ եվրոպական ուղղությունը կամ եվրոպական ինտեգրումը միշտ էլ եղել է նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը առնվազն վերջին 20 տարիներին կամ գուցե ավելի: Այս ընթացքում կողմերը կյանքի են կոչել բազմաթիվ նախագծեր, ծրագրեր, այդ թվում՝ ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, եվրոպական ինտեգրման այս երկար ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է:

– Դե, կարծում եմ՝ դա Հայաստանը պետք է որոշի: Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը: 2013 թվականը հեշտ չէր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, բայց կարծում եմ՝ ՀԸԳՀ-ի միջոցով մենք ապահովել ենք հարաբերությունների շատ լավ հիմքը: Կա մեկ սկզբունք, որը կարևոր է Եվրոպական միության համար. «Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության»:Այստեղից էլ բխում է «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը, ըստ որի՝ գործընկեր պետություններն իրենք են որոշում համագործակցության մակարդակը: Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը չի փորձում մրցակցության մեջ մտնել միջազգային այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել վերջին տարիների մեր համագործակցության տեսանելի դրական արդյունքը: ՀԸԳՀ շրջանակային համաձայնագիրը ցույց է տալիս, որ մեզ հաջողվեց սերտ հարաբերություններ հաստատել, մինչդեռ Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում:

Եթե ինձ հարցնեք՝ արդյոք տեղին է ավելի խորացնել Եվրոպական միության հետ կապերը, բնականաբար, ես միշտ էլ կողմ կլինեմ նման որոշման, քանի որ ես հաստատակամ եվրոպացի եմ: Եվրամիությունը և իր անդամ պետությունները միասին և շատ ակտիվ աշխատում են «Team Europe/Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: Սա մեր՝ ԵՄ-ի և անդամ պետությունների ներգրավվածության և համագործակցության ոգու հստակ դրսևորումն է: Եվ այն տվել է բավականին դրական արդյունքներ, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո անդամ պետությունները միացան մեր նախաձեռնություններին՝ տրամադրելով օգնություն խոցելի խմբերին, հիմա էլ՝ Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերին, մասնավորապես՝ «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը Հայաստանի հարավում՝ Սյունիքում:

– ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին նախորդ տարի, երբ Երևանում էր, լայնորեն քննարկված հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Եվրամիությունը կարող է շուրջ 2,6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Վստահ եմ, որ Ձեզ շատ են հարցրել այս հայտարարության մասին, բայց օգտվելով առիթից՝ կուզեի խնդրել, որ ևս մեկ անգամ մեկնաբանեք այն: Նկատի ունեմ՝ մարդիկ զարմանում են, թե կոպիտ ասած՝ «ինչո՞ւ պետք է նրանք այդքան մեծ գումար տան մեզ»: Այլ խոսքերով՝ ո՞րն է Հայաստանին այդպիսի մեծ օժանդակություն հատկացնելու պատճառը կամ շարժառիթը:

– Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել Տնտեսական ներդրումային պլանի կառուցվածքը: Տնտեսական և ներդրումային պլանը, որը հասանելի է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, միտված է օգտագործել մասնավոր և պետական ներդրումները՝ հետհամավարակային սոցիալ-տնտեսական վերականգնումը խթանելու, արժանավայել աշխատատեղեր ստեղծելու, նորարարությունը խրախուսելու և անցումը դեպի «կանաչ» ու թվային տնտեսություն արագացնելու համար: Հարկ է ընդգծել, որ նշված 2,6 միլիարդ եվրոն ոչ թե Եվրամիության կողմից հատկացվելիք դրամաշնորհային ֆինանսավորման փաթեթ է, այլ հնարավոր այն ներդրումների ընդհանուր ծավալն է, որոնք կարող են մոբիլիզացվել երկրում՝ որպես Արևելյան գործընկերության՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների կողմից հաստատված Տնտեսական ներդրումային պլանի մի մաս:

Ինչ վերաբերում է Տնտեսական ներդրումային պլանով նախատեսված բոլոր ներդրումներին՝ այդ հնարավոր ներդրումների հիմնական մասը գալու է միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր սեկտորի ներդրումների միջոցով: Ներկայումս մենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին օգտագործում ենք նաև այլ ֆինանսական գործիքներ՝ ինչպիսիք են երաշխիքները կամ խառնուրդ ֆոնդերը, որպեսզի ավելի խոշոր ներդրումներ ապահովենք այստեղ՝ Հայաստանում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մի շարք ուղենշային նախաձեռնությունների մշակման ուղղությամբ: Դրանցից մեկը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը:

ԵՄ-ն քննարկում է բանկերի հետ, թե ինչպես կարող ենք օգնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը արդեն աջակցել են այս մեծ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը: Հաջորդիվ կունենանք հավելյալ խոշոր ծրագրեր Սյունիքում: Դրանցից մեկի շրջանակում, որը մշակման գրեթե վերջնական փուլում է, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ կաջակցենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF-ՔՈԱՖ) երկու կենտրոններին՝ Սյունիքում: Մենք դա համատեղում ենք ԵՄ-ի «Թիմ Եվրոպա» նախաձեռնության հետ՝ փոքր ու միջին ընկերությունների, սոցիալական պաշտպանության և Սյունիքում իրականացվող տարբեր ծրագրերի համար ավելին անելու նպատակով:

Մյուս ուղենիշը «Կանաչ Երևան» նախաձեռնությունն է: 2021 թ. վերջին ստորագրված առաջին պայմանագրով Երևանին կտրամադրվեն «կանաչ» ավտոբուսներ: Գնման գործընթացն անցել է ամփոփիչ փուլ: Բացի այդ՝ միասին աշխատում ենք Երևանում թափոնների կառավարման ոլորտում:

– Հաջորդ հարցն ավելի քաղաքական կամ նույնիսկ ներքաղաքական բնույթ ունի: Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քննադատում է Ձեզ և Եվրամիության քաղաքական մոտեցումները Հայաստանում՝ ասելով, որ Դուք քաղաքականապես ակնհայտորեն աջակցում եք գործող կառավարությանը: Այլ խոսքերով՝ երբ ասում եք, որ Հայաստանի ժողովուրդը կամ բնակչության մեծ մասը 2018 թ. թավշյա հեղափոխության կամ 2018 և 2021 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ժողովրդավարության կամ ժողովրդավարական զարգացման ուղին, ընդդիմադիր գործիչները հակադարձում են՝ ասելով, որ այդ փոփոխություններն իրականում ոչ թե ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների կամ ավելի լավ կյանք ընտրելու, այլ ավելի խորքային աշխարհաքաղաքական, տարածաշրջանային փոփոխությունների մասին էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի և 2020 թ. 44-օրյա պատերազմի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատությանը և ինչպե՞ս կմեկնաբանեք նշված տեսակետը:

– Յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր կարծիքը: 2018-ին ես դեռ այստեղ չէի, բայց գիտեմ, որ մարդիկ դուրս էին եկել փողոց, քանի որ փոփոխության էին ձգտում: Նրանք ժողովրդավարություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց ցանկությունն էին արտահայտում:

Չեմ կարծում, թե կոնկրետ զարգացումներ կախված են Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունից: Մենք շատ լավ կանխատեսումներ ունեինք, երբ ես Հայաստան եկա 2019 թվականին: Տնտեսությունն ու տուրիզմը մեծ վերելք էին ապրում, և գործերն իսկապես ճիշտ ուղղությամբ էին ընթանում: Բայց շուտով մենք առերեսվեցինք ՔՈՎԻԴ-19-ի համավարակին, իսկ հետո՝ պատերազմին:

Ես ի գիտություն եմ ընդունում քննադատությունը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ հարկավոր է կոնֆլիկտի կառուցողական լուծում գտնել: Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության խնդիրն է վերլուծել, թե ինչպես զարգացան իրադարձությունները և ինչպես են իրենք գնահատում դրանք: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում քննություն է ընթանում պատերազմի դեպքերի վերաբերյալ, և կարծում եմ, որ պետք է քննարկել դրա արդյունքները և հետո քննարկում ծավալել հայ հասարակության ներսում:

Համոզված եմ, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունը բխել է երկու կողմի շահերից: Եվ ես կրկնում եմ իմ միտքը. Եվրոպական միության հետ համագործակցությունը երբեք ուղղված չէ երրորդ կողմի դեմ, և ԵՄ-ն Հայաստանին ընտրության առաջ չի կանգնեցնում:

– Նկատի ունեք՝ արտաքին քաղաքականության առումով Եվրամիության հետ հարաբերությունները չեն հակասում միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններին:

– Այո՛, չեն հակասում: Եվ սա նաև Արևելյան գործընկերության փիլիսոփայությունն է: Այնտեղ մենք ունենք հստակ ցուցում, որ յուրաքանչյուր գործընկեր ինքն է, ըստ իր ցանկության, ընտրում ինտեգրման մակարդակը և գործընթացի տեմպերը:

– Տիկի՛ն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծումը և ավելի լայն առումով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ նկատի ունենալով պատերազմից հետո Ռուսաստանի, հետո նաև Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները հումանիտար խնդիրների, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ:

– Նախ և առաջ, Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում:

– Առանցքային հարցերից մեկն այսպիսի դեպքերում դիվանագիտական բանակցությունների ձևաչափն է՝ խնդրի քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Եթե մինչև 2020 թ. պատերազմը բավական հստակ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո, որոնք ընդհանուր առմամբ կառուցողականորեն համագործակցում էին Մինսկի խմբի շրջանակում, ապա այժմ իրավիճակն ավելի անորոշ է. Մոսկվան վերջին ամիսներին պնդում է, որ արևմտյան գործընկերները հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբում, սակայն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Այս լույսի ներքո շատ ուշագրավ են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ակտիվ դիվանագիտական ջանքերը: Նրա միջնորդությամբ արդեն երեք-չորս հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է:

– Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված:

Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին:

Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով:

– Տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություններ՝ նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների մակարդակով սկսված դիվանագիտական երկխոսությունը: Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության առումով:

– Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը: Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել