Դեպի «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը կբացվի․ ԱԻՆ

Որոշում է կայացվել միակողմանի բացել դեպի «Փեթակ» առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս Քրիստափորի փողոցի մի հատվածը փակ էր։

«Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- տեղեկացրել է Կոստանյանը։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 3-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել